ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի նախկին հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ:
Ըստ մեղադրանքի` Մ. Հ.-ն 2016-2017 թվականներին տարբեր անձանց, այդ թվում` իր գործընկերոջը ներկայացրել է, թե իբր զբաղվում է մատչելի գներով բնակարանների առուվաճառքով: Տարատեսակ հիմնավորումներով նրանց վստահությունը ձեռք բերելուց հետո Մ. Հ.-ն, իբրև բնակարանների վաճառքի համար կանխավճար, ինչպես նաև պետական մուծումներ կատարելու և այլ պատրվակներով հիշյալ անձանցից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի, այդ թվում` 50.000, 25.000, 20.000, 16.000, 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:
Բացի այդ, Մ. Հ.-ն, տեղեկանալով Է. Զ.-ին փաստացի պատկանող բնակարանը 100.000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերջինիս մտադրության մասին, այն նույնպես խարդախությամբ հափշտակել է:
2016-2017 թվականների ընթացքում Մ. Հ.-ն տարբեր անձանցից ընդհանուր առմամբ հափշտակել է ավելի քան 200.000 ԱՄՆ դոլար:
Խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու /6 դրվագ/, նույն եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու /3 դրվագ/ և ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու փորձի համար Մ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով:
Մ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: