«Ժողովուրդ» օրաթերթը սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ինչպես նաեւ անցած ՏԻՄ ընտրությունների մասին խոսել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: ԿԸՀ-ն պատրա՞ստ է այս կարճ ժամանակում անցկացնել մրցակցային ընտրություններ:
-Միանշանակ այո: Ընտրական օրենսգրքով սահմանված են այն գործառույթները, որոնք պետք է իրականացվեն: Իհարկե, հասկանալի է, որ մենք շատ կարճ ժամկետներ ունենք, որի պայմաններում չեն նվազեցվել այն գործառույթները, որոնք նախատեսված են հերթական ընտրությունների կազմակերպման համար: Եթե ընտրությունների կազմակերպման համար մենք ունենում էինք 70 օր, հիմա բնական է` անհամեմատ ավելի կարճ ժամկետում պետք է իրականացվեն այդ գործառույթները: Գերխնդիրը հիմա այն է, որ այդ գործառույթները պատշաճ ժամկետներում իրականացվեն:
-Որքա՞ն գումար է հատկացվելու ընտրությունների անցկացման համար:
-Հիմա հաշվարկներ են կատարվում: Դրանք ամբողջովին կվերջանան, նոր կկարողանամ ասել:
-Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ի ներսում լուրջ բախումներ կային վարկանիշայինով առաջադրված թեկնածուների միջեւ: Հաշվի առնելով դա` ի՞նչ եք անելու, որ նույնը չկրկնվի ՔՊ-ի ներսում:
-Ընտրապայքարը տեղի է ունենալու: Բնական է, որ եթե կան տարածքային ցուցակներ, այդ ցուցակներում ընդգրկված թեկնածուները եւս մասնակցելու են քարոզչությանը: Խնդիրը կայանում է սրանում` քարոզչությունը ցանկացած սյուբեկտի կողմից պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով ամրագրված կանոնակարգին լիակատար համապատասխան: Հիմա քարոզչություն իրականացնելու համար կարճ ժամկետներ են նախատեսված: Բայց այդ կարճ ժամանակահատվածում ԿԸՀ-ն եւ տարածքային ընտրական հանձնաժողովները փորձելու են լիարժեքորեն վերահսկել այդ գործընթացները:
-Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մի շարք կուսակցություններ հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը կիրառում է վարչական լծակներ` օգտագործելով իր` վարչապետի կարգավիճակը: Դուք ինչո՞ւ նման արձանագրումներով հանդես չեկաք:
-ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակահատվածում ոչ միայն կազմակերպել է այդ ամբողջ գործընթացը, այլ ամբողջ ընթացքում իրականացրել է լուրջ վերահսկողություն: Այն խնդիրները, որոնք նկատել է հանձնաժողովը, դրա վերաբերյալ եղել է օպերատիվ արձագանք: Ձեր հիշատակած դիրքորոշումներն ու կարծիքները, որոնք տեղ են գտնում մամուլում, անպայման ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից: Եթե ԿԸՀ-ն հայտաբերեր որեւէ խնդիր, վարույթ կհարուցվեր: Եթե վարույթ չի հարուցվել, ուրեմն այդ ամենում ԿԸՀ-ն համամիտ չի եղել այն գնահատակնների հետ, որոնք ներկայացվում են:
Երեւանի ավագանու ընտրություններում մասնակից կուսակցությունների թիվը բավականին մեծ էր: Այս ընտրությունների հետ կապված որեւէ վիճարկման դիմում չի ներկայացվել:
-ՏԻՄ ընտրությունների հետ կապված ԿԸՀ-ն որեւէ խախտման մասին ոչինչ չհայտարարեց: Այնինչ դուք գնացել էիք Էջմիածին:
-Պետք է նկատի ունենալ, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ավելի մեծ գործառույթ ունեն տարածքային ընտրական հանձնաժողովները: Դրանք ընտրության արդյունքում երբ կայացնում են որոշումներ, ուսումնասիրում են եկած բողոքները, դիմումները, գրանցամատյանների գրառումները եւ այլն: Կան դեպքեր, երբ ՏԸՀ-ն ընտրության օրը արձանագրված խախտման հետ կապված չնայած անմիջապես կիրառել էր միջոցներ, բայց նույնիսկ երբ այդ մասին գրանցամատյաններում չկար, ՏԸՀ-ն իրակացրել է վարույթ, գործերը ուղարկել է իրավապահ մարմիններին: Մենք ունեցել ենք այդպիսի դեպքեր: Երբ խախտման մասին ահազանգ ենք ունեցել, արձագանքը անմիջապես է եղել: Քվեարկության օրը ԿԸՀ-ն եւ ՏԸ-ն ուշի-ուշով հետեւել են էլեկտրոնային հարթակներում ներկայացվող տեղեկատվությանը, փորձել ենք պարզել հանգամանքները, եթե եղել են խախտումներ, ապա ՏԸՀ-ները ձեռնարկել են միջոցներ դրանք բացառելու համար:
-Դրանց հետքերո՞վ էիք Էջմիածին գնացել:
-Ոչ: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ ես շրջել եմ ընտրատեղամասերով: Չնայած այդ շրջայցը նման լուսաբանում չստացավ, ինչպես Էջմիածնում: Դրանցից ոչ մեկը պլանավորված չի եղել, ՏԸՀ-ները տեղյակ չեն եղել այդ մասին: Երեւանում պատահական ընտրությամբ այցելել եմ ընտրատեղամասեր, զրուցել հանձնաժողովի անդամների հետ, վստահված անձանց, դիտորդների: ՏԻՄ ընտրությունների ժամանակ հատկապես Էջմիածնում մեծ մրցակցություն կար: Այդ օրը այնտեղ գնացի, որովհետեւ ամենամոտն էր Երեւան քաղաքին: Նպատակը եղել է մեկը` տեղում հասկանալ ինչ խնդիրներ կան գործընթացի հետ կապված: Այնտեղ չեն եղել ինչ-որ արտառոց խախտումներ, որոնց պատճառով գնացել եմ: Սա պետք է դիտել որպես ողջամիտ գործողություն, որը արվել է հանձնաժողովի կողմից:
-Ասում են` Էջմիածնում թվեր եք նկարել, որ Դիանա Գասպարյանը ընտրվի: Ի՞նչ կասեք այս մասին:
-Համենայն դեպս, այն վերահսկողությունը, որը իրականացվել է ՏԸՀ-ներում թեկնածուների վստահված անձանց, դիտորդների կողմից, եւ, ընդհանրպես, այդ ամբողջ հրապարակային գործընթացը լավագույնս պատասխանում է այդ բոլոր խոսակցություններին: Մնացյալի մասին հարկ էլ չեմ համարում մեկնաբանություն անել: Այդպիսի բաների լուրջ չեմ վերաբերվում: Այդ հայտարարությունները որեւէ աղերս չունեն իրականության հետ:
Լուսինե Մինասյան