Երեկ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այդ գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավվեցին քրգործում եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Այս որոշումը կայացրել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը` բավարարելով Հատուկ քննչական ծառայության նախաքննական միջնորդությունը:
Սակայն մինչ Աննա Դանիբեկյանի որոշում կայացնելը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավորների շրջանում, խառնաշփոթ է եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Վահագն Հարությունյանին կալանավորեն, միջնորդությունն ի սկզբանե պետք է քններ դատավոր Ռոբերտ Պապոյանը, սակայն նա ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ չի կարող քննել այդ միջնորդությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս բացատրել է, որ Վահագն Հարությունյանն իր մտերիմ ընկերն է, համակուրսեցին եւ նա չի կարող քննել ընկերոջ կալանավորման հարցը:
Եւ այդպես դատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից: Մեկը պատճառաբանել է, որ ընկերն է, մյուսը՝ բարեկամը, երրորդը՝ ծանոթը եւ այդպես շարունակ: Արդյունքում գտնվել է միայն մեկ դատավոր, որը եղել է Աննա Դանիբեկյանը, եւ ասել է` ծանոթ չէ Վահագն Հարությունյանին, խնդիր չունի եւ կարող է հանգիստ քննել նրա գործը: Ահա այսպես տիկին դատավորը քննեց, եւ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հայտարարված ե՛ւ հետախուզումն է ապօրինի, ե՛ւ առաջադրված մեղադրանքն է շինծու: Իսկ ՀՔԾ-ն էլ պնդում է, որ բավարար ապացույցներ են եղել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Քնար Մանուկյան