Մանկապարտեզ` անհարմար վայրում. Բաղանիսի բնակիչները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բաղանիս գյուղում մանկապարտեզի նոր շենք է կառուցվում, հիմքերն արդեն գցված են: Նախադպրոցական հաստատության հին շենքը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցի հարեւանությամբ` Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերի գնդակոծության գոտում, այդ պատճառով հին շենքում մանկապարտեզի գործելը փոքր երեխաների համար վտանգավոր էր: Մանկապարտեզի նոր շենքի տեղը Բաղանիսի բնակիչների մի մասի հավանությանը չի արժանացել. նոր շենքը կառուցվում է ձորի մեջ:

Բաղանիսի բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ ձորի մեջ սկսված շինարարությունը դեռ երաշխիք չէ, որ այն լիովին ապահովված կլինի ադրբեջանական գնդակոծությունից: Մանկապարտեզի նոր շենքը կառուցվում է Բաղանիս գետակի ափին` մեծ ընկուզենիների ստվերում: Այն ձորի մեջ գտնվելով` արեւից քիչ է տաքանալու: Նոր կառույցը գետի ափից 5-6 մետր հեռավորությամբ է գտնվում: Բաղանիսցիները հիշում են, որ գարնանային հորդ անձրեւներից վարարած գետը դուրս է գալիս ափերից` իր հետ բերելով մեծ գերաններ: Դրանք կարող են վնասել մանկապատեզի նոր շենքը:
Նշենք, որ Բաղանիսի գրեթե ողջ տարածքը հակառակորդի նշանառության տակ է, եւ հիմա հարց է առաջանում` արդյոք լավագույն տարբերա՞կն է ընտրվել: Հավելենք, որ Բաղանիսի հյուսիսային մուտքի մոտ կառուցված խաղահրապարակի տեղն էլ հարմար չէ, քանզի դրա կողքին գյուղացիներից մեկի անասնագոմն է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս