Լուսավոր Հայաստան կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկեր,

ներկայացնում ենք Ձեզ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցության մասնակցության ձևաչափը։

Հայտարարություն

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև Ելք դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։
Լուսավոր Հայաստան Կուսակցությունը, Հանրապետություն Կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել Լուսավոր ՀայաստանԿուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ Լուսավոր Հայաստանն իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։

Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում Լույս խմբակցության շրջանակներում:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Ելք դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։ Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու։

Հարգանքով`
Լուսավոր Հայաստան կուսակցություն»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Էդմոն Մարուքյանը Արամ Սարգսյանին առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ իր կուսակցությունով, իսկ Արամ Սարգսյանը կողմ է դաշինքի տարբերակին:




Լրահոս