Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 10-ին կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը: Նորընտիր անդամներն արդեն ստանձնեցին իրենց պարտավորությունները: Հիմք ընդունելով, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին` Հայկ Մարությանը օրենքի ուժով դարձավ քաղաքապետ: «Ժողովուրդ» օրաթերթը նորընտիր ավագանու մասին կարծիքներ հարցրեց նախկին ավագանու անդամներից:
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյան
Նոր ավագանու մասին զրուցեցինք «Ժուռնալիստների միության» նախկին նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ: Ըստ նրա` նորընտիր ավագանու անդամները կարող են լավ բաներ անել: Սակայն տիկին Գեւորգյանին մտահոգում է ավագանու շատ անդամների մայրենի լեզվի իմացության մակարդակը:
-Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք ներկայիս ավագանուց:
-Ոչ մեկին չեմ ճանաչում: Կարծում եմ` իմ կողմից սխալ կլինի ինչ-որ գնահատականներ տալը: Միայն հեռուստատեսությամբ տեսնելով` չեմ կարող բան ասել: Երիտասարդ են, հուսով եմ` լավ բաներ կանեն: Ես ամեն մեկի մասին իր գործով եմ դատում: Պետք է սպասել մի քիչ: Նրանք դեռ ընթացքի մեջ են: Դեռ քայլում են, սպասենք,տեսնենք ինչ կանեն, ինչ հանգրվանի կհասնեն:
-Կա՞ մի բան, որը եղել է նախկին ավագանիում եւ կուզեիք, որ շարունակական լինի:
-Մեր ավագանիում ամենաառաջինը եղել են մարդկային ջերմ հարաբերություններ, մեկը մյուսի նկատմամբ հարգանքով լցված վերաբերմունք, անսահման բարություն, լսելու կարողություն: Հանձնաժողովի նիստերում մենք շատ բարդ հարցեր էինք բարձրացնում, եւ որեւէ խնդիր չէր լինում: Լավ կլինի, որ ներկայիս ավագանին էլ այդպես աշխատի: Եղել են նաեւ շատ սխալներ: Խնդիրներ են եղել, որոնք չենք կարողացել լուծել: Մաղթում եմ, որ այս ավագանին լինի շատ համախմբված, շատ գրագետ: Ես արդեն տեսնում եմ, որ մայրենի լեզուն խորթ է իրենց համար: Լավ կլինի` ուսուցիչ վարձեն եւ գնան, մեր մայրենի լեզուն սովորեն: Ինձ համար` որպես բանասերի եւ լրագրողի, շատ կարեւոր է դա: Սիրտս ծակում է, երբ լսում եմ, թե մեր ոսկեղենիկ հայերենը ինչպես են աղավաղում:
-Ո՞ւմ մասին է խոսքը:
-Հիմա ոչ մեկի անունը չեմ տա, բայց նորից եմ կրկնում` Երեւանի ավագնու յուրաքանչյուր անդամ պարտավոր է փայլուն իմանալ հայոց լեզուն:
Երեւանի նախկին ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյան
Երեւանի նորընտիր ավագանու մասին խոսեցինք նաեւ նախկին ավանագու անդամ Լեւոն Իգիթյանի հետ, որը նախկինում հայտնի էր իր սկանդալային արտահայտություններով:
-Նախ առաջին հերթին շնորհավորում եմ բոլորին,- ասաց Իգիթյանը` շարունակելով,- ես մեծ սպասելիքներ ունեմ ներկա ավագանու թիմից: Ընդամենը մի խնդիր կա. պետք է անսահման սեր ունենալ դեպի այս քաղաքը եւ բնակիչների հետ վերեւից չխոսել:
-Այսինքն` Դուք այդպիսի բան եք նկատե՞լ:
-Ես ուղղակի հեռուստատեսությամբ ընդհանուր պատկերն եմ տեսել: Պետք է ասեմ, որ ավագանու անդամների մեջ ինձ համար շատ հարազատ մարդիկ կան: Օրինակ` մի ճարտարապետ կա Լիլիթ անունով, տեսա, որ ավագանու կազմում է նաեւ Արթուր Իսպիրյանը: Հույս ունեմ` հենց նրանք են դառնալու եղանակ ստեղծող: Նաեւ գիտեմ, որ Երեւանը անսահման սիրող մարդիկ կան ավագանու կազմում: Հույս ունեմ` աշխատանքը կհիմնվի այդ զգացմունքի վրա:
-Ձեր կողմից իրականացված ո՞ր աշխատանքները կցանկանաք` շարունակվեն ներկայիս ավագանու կողմից:
-Քաղաքի բարեկարգումը, մանկապարտեզների նկատմամբ ուշադրությունը եւ զինվորների, պատերազմի մասնակիցների հանդեպ ուշադրությունը:
Երեւանի ավագանու նախկին անդամ, ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյան
Վերջինս դեռ 2017-ի ավագանու ընտրություններից առաջ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում քաղաքային տնտեսությունը: «Ի տարբերություն մեր թիմի ղեկավար Տարոն Մարգարյանի` ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Զարուհի Փոստանջյանը քաղաքային տնտեսությունը չեն պատկերացնում եւ չգիտեն` ինչ է: Նրանք նաեւ չեն պատկերացնում քաղաքի բյուջեն»,- մասնավորապես ասել էր նա: Տիկին Նահապետյանից փորձեցինք ճշտել` արդյոք ինքը նույնը մտածո՞ւմ է «Իմ քայլը» դաշինքի մասին եւ ընդհանրապես ինչպիսի՞ սպասելիքներ ունի նորընտիր ավագանուց: Տիկին Նահապետյանը սկզբում հրաժարվեց որեւէ բան ասել:
-Մենք ավագանի չենք: Ընդհանրապես, որեւէ բան չեմ ուզում խոսել այդ մասին:
-Այնուամենայնիվ, եղել եք նախկին ավագանու կազմում: Ի՞նչ կարծիք ունեք Երեւանի նոր ավագանու մասին:
-Ոչնչի չեմ հետեւել: Ոչ մեկին չեմ ճանաչում բացի Հայկ Մարությանից: Նրան էլ որպես դերասան գիտեմ: Կաշխատեն, կերեւա` ինչ են անում:
-Անցած տարի տեղի ունեցած ավագանու ընտրություններին ասել եք, որ Նիկոլ Փաշինյանը, եւ «ԵԼՔԸ»-ը չգիտեն` ինչ է քաղաքային տնտեսությունը: Հիմա նո՞ւյնը կասեք «Իմ քայլը» դաշինքի մասին:
-Ես տենց բան չեմ ասել: Ես տենց բան եմ ասե՞լ:
-Այո: Ձեր հարցազրույցներից մեկում եք խոսել այդ մասին:
-Քաղաքային տնտեսության տիրապետելը մի օրվա բան է: Լավ:
Այս խոսակցությունից հետո Նաիրա Նահապետյանը արհամարհանքով անջատեց հեռախոսը: Ու անհասկանալի մնաց նրա այդ վերաբերմունքի պատճառը: Մինչդեռ տարրական բարեկրթության կանոնները թելադրում են զրույցը ընդմիջելուց առաջ զգուշացնել այդ մասին: Բայց տիկնոջ մոտ դեռ հին բարքերն են իշխում` ասել, ասածից հրաժարվել, լրագրողների հարցերից խուսափել ու մարդկանց թիկունքում գործել: Ինչպես երեւում է, նա Նոր Հայաստանի իրողություններին դեռ չի ադապտացվել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՈՒԶՈՒՄ Է ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր տված հարցազրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հետ անձնական հաշիվներ ունի:
«Վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, եւ ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու եւ պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան ակնհայտ է»,-մասնավորապես ասել է նա: Նախագահի խոսքով` Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իր անձի հանդեպ, եւ այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների։
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին, ասաց, որ վերջինս այդ հարցազրույցով պարզապես հաստատում է իր խոսքերը ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։ Նա հարցազրույց տալով ընդամենը նպատակ է հետապնդում հարված հասցնել ներկայիս իշխանություններին։
Հարցին` ինքը ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ երկրորդ նախագահը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, պարոն Աղազարյանը պատասխանեց, որ գուցե նա ուզում է ինչ-որ բաներ անել այն քաղաքական ուժերի միջոցով, որոնք կիսում են իր տեսակետներն ու կարծիքները։ Հետաքրքրվեցինք` այսօրվա խորհրդարանում կա՞ն նման ուժեր.
«Իհարկե կան։ Պարզապես անուններ չեմ նշի»,-պատասխանեց պատգամավորը։
Ազգային համաձայնության կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի պնդմամբ` ակնհայտ է, որ «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով իշխանության եկած մարդը, երբ մոռանում է Սերժին եւ նույնիսկ դառնում նրա համար բրոքեր, ապա ակնհայտ է, որ նա, բան ու գործ թողած, պետք է փորձի Քոչարյանի հետ կապված ինչ-որ բաներ անել:
«Նրանից ո՛չ լավ վարչապետ է դուրս գալիս, ո՛չ նույնիսկ բրոքեր: Վերաքննիչի որոշումը ցույց տվեց, որ այդ գործը սարքած է: Ռոբերտ Քոչարյանին նշանակել են մեղավոր ու փորձում են որեւէ ձեւով ինչ-որ բաներ անել: ՀՔԾ-ի պրոֆեսիոնալիզմը այնքան չի հերիքում, որ չեն կարողանում նույնիսկ կարգին հոդված ճարել: Գաղտնալսումները ցույց տվեցին, որ ամեն բան ուղղորդվում է Փաշինյանի կողմից: Սրանում միտում կա, եւ այդ միտումը կապված է նրա հետ, որ մարտի 1-ը Փաշինյանի ամենթույլ կետն է: Մարտի մեկից հետո նա պարզապես փախավ: Անմեղ մարդը չէր փախչի: Ես նույնիսկ վախենում եմ, որ մարտի 1-ի ապացուցողական բազան նրանք կարող են ոչնչացնել: Քոչարյանի ներկայությունը հունից հանում է Փաշինյանին: Հիմա էլ նա վախենում է, որ կկորցնի իր աթոռը: Տեսնում է, որ իր վարկանիշը գնալով ընկնում է, դրա համար էլ ամեն բան անում է, որ ընտրությունները հնարավորինս շուտ լինեն: Վստահ չեմ, որ ինքը հրաժարական կտա: Նա կառչած է իր աթոռին: Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցած 57 տոկոսը, ըստ երեւույթին, դեմ են քվեարկել նրան»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՏԱԼԻՍ
1 տարի մեկ ամիս է անցել, երբ 2017թ. սեպտեմբերին 11-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցան կրակոցներ, որի գործով հիմնական մեղադրյալներին ավելի ուշ իրավապահները հայտնաբերեցին Վրաստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները տեւական ժամանակ է` պայքար են տանում նրանց Հայաստան վերադարձնելու համար, սակայն առայժմ փորձերն ապարդյուն են: Հիշեցնենք, որ ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության` Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան, որտեղ եւ հայտնաբերվել են: Այս գործով այժմ դատարանի առաջ է կանգնել միայն Ռաֆայել Խաչատրյանը, որի դատական նիստերը չեն կայանում, քանի որ մեղադրյալը ի վիճակի չէ դատարան ներկայանալ: Ուստի չի բացառվում` առողջական վիճակը հիմք ընդունվի, եւ դատական նիստերի քննությունը որոշ ժամանակով կասեցվի:
ԿՀԱՆԴԻՊԻ ԱՂԲԱՀԱՎԱՔԻՆ
Երեւանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետը մտադիր է ընկերության տնօրենի հետ քննարկել պայմանագրի կետերը եւ հասկանալ, թե ինչու է թերանում իր աշխատանքում: Հակառակ դեպքում Մարությանը հնարավոր է «Սանիտեք»-ի հետ լուծարի կնքած պայմանագիրը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ մեկնաբանություն ստանալ ընկերությունից, քանի որ մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Քանի որ ընկերությունը դարձյալ ընդհատակ է անցել, Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբամանները կենցաղային աղբով լի են, գարշահոտության պակաս էլ չկա: «Սանիտեք»-ը օրերով չի դատարկում աղբամանները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբի մաքրման ծառայություն իրականացվում են թաղապետարաններին պատկանող աղբի մեքենաներով:
ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ
Ավելի քան երեքուկես ամիս է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահ չունի: Տեղեկացնենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռեւս հուլիսի 1-ին, եւ նա վայր է դրել իր լիազորությունները: Իսկ ահա ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` ՀԾԿՀ նոր նախագահին ընտրելու է Ազգային ժողովը` վարչապետի ներկայացմամբ: Բայց կարծես թե Նիկոլ Փաշինյանը չի շտապում՝ թեկնածու առաջադրել: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետն առաջիկայում պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ, թե ոչ: Եղոյանն արձագանքեց` նշելով, որ այս պահին օրակարգում դեռ նման հարց չկա: Ենթադրվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում լիովին զբաղված է ներքաղաքական հարցերով եւ ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու ժամանակ պարզապես չունի: