«Մենք չհայտնվենք ԱԺ ում, բա էլ ո՞վ պետք է հայտնվի»․ Էդմոն Մարուքյանը չի բացառում համագործակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ֆորմատն ընտրելիս չենք նայել զուտ անցողիկության առումով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների՝ անցողիկ շեմն առանձին հաղթահարելու շանսերը։

ԼՀԿ-ն կմասնակցի սեփական ցուցակով, որում ընդգրկված կլինեն նաև քաղաքացիական խմբերից ու այլ կուսակցություններից ներկայացուցիչներ:

«Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Հանրապետություն» կուսակցությանն՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր համատեղ անցած ճանապարհի համար։ Մենք միասին հիմնադրել ենք «Ելք» դաշինքը, որը ոչ միայն մեր կյանքում բացառիկ նշանակություն ունեցավ, այլև` Հայաստանի քաղաքացիների կյանքում», – ասաց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ անկախ ընտրություններին մասնակցելու ֆորմատից` չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կամ «Հանրապետություն» կուսակցությունների հետ։

«Մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն», – ամփոփեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։




Լրահոս