Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 3 անդամներին կփոխարինեն ցուցակով հաջորդ համարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատից հրաժարված 3 անդամներին կփոխարինեն ցուցակում նրանց հաջորդող անձիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 6-ին կայացած ԿԸՀ նիստում:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստացվել է Երևանի քաղաքապետի գրությունը, որին կից ներկայացվել էր 3 արձանագրություններ: Արձանագրությունների համաձայն պետք է դադարեցնել Սերգեյ Հարությունյանի, Հայկ Սարգսյանի և Գևորգ Բաբայանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

Ղեկավարվելով ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներով կազմել է արձանագրություն, ըստ որի Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Սերգեյ Հարությունյանի ավագանու անդամի մանդատը տրվում է դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Արտաշի Գևորգյանին, Հայկ Սարգսյանի մանդատը` Լիլիթ Իշխանի Կիրակոսյանին, Գևորգ Բաբայանինը` Արմեն Մարտունի Սարգսյանին»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հանձնաժողովը նիստում որոշում կայացրեց նաև ուժը կորցրած ճանաչել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Իոսիֆ Կուբաթյանի գրանցումը` նրա դիմումի հիման վրա:




Լրահոս