Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել:
Նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով:
Նրանք բացատրել են, որ կյանքի լավագույն պայմանների որոնման նպատակով Հայաստան են եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:
Ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են կոմպետենտ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու համար: