Նախորդ տարիներին, կարծես թե, ձեւավորված ավանդույթ կար, երբ խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկումներից մշտապես բացակայում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Եվ մշտապես ներկայումս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գալիս էր քննարկումներին եւ հարցնում, թե որտեղ են այդ պաշտոնյաները: Հետաքրքիր զուգադիպությամբ երեկ բյուջեի քննարկումներից կրկին այս երկու պաշտոնները զբաղեցնող անձինք էին բացակայում` մարզպետ Հունան Պողոսյանը եւ քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Հայկ Մարությանի բացակայությանը` նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց. «ԱԺ-ում բյուջեի քննարկման նիստից քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության պատճառը զուտ տեխնիկական բնույթ ուներ. քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները նախորդ տարիների իներցիայով, երբ քաղաքապետն անձամբ չէր մասնակցում բյուջեի քննարկմանը, մասնակցության անհրաժեշտության մասին տեղյակ են պահել քաղաքապետի տեղակալին։ Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անձամբ կապվել է Արա Բաբլոյանի հետ եւ տեղեկացրել բացակայության պատճառը՝ շեշտելով այդ եւ այդ կարգի այլ կարեւոր հանդիպումներին մասնակցելու իր պատրաստակամությունը», – նշեց նա։
Հավելենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկումներից վատառողջ լինելու պատճառաբանությամբ բացակայում էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, ով հայտնի է իր փակ աշխատելաոճով եւ անգամ կառավարության նիստերից հեռանում է հետնամուտքով: