Քննություն է տարվում՝ պարզելու ողբերգական վթարի պատճառները. մշակվել են աշխատանքային վարկածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, հետազոտությունների համար վերցրել տարբեր նմուշներ, հարցաքննել ականատես անձանց։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, կատարվել մի շարք հարցումներ։

Վթարի պատճառները պարզ կդառնան դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում, ինչի պատշաճ իրականացումն ապահովելու համար ձեռք են բերվում անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները՝ փորձագետներին տրամադրելու համար։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։




Լրահոս