Հնարավոր է` փետրվարից սակագնի իջեցում ունենանք․ Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցին, բազմիցս նշել է, որ ինքը համոզված է, որ մենք ռեզերվներ ունենք այդպիսի սակագին սահմանելու առանց ընդհանուր բալանսը խախտելու։ Նրա կարծիքով` պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա:

Ի հակասություն սրա` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Մարգարյանը, խոսելով գազի սակագնի իջեցման մասին, նշել է, որ այդ դեպքում ֆինանսները չեն բավարարի համակարգը շահագործելու համար, եւ եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի։ «Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայել, որպեսզի իջեցնենք, դա մոտեցում է, պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե մենք չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք»,-երեկ հայտարարել է նա: «Ժողովուրդ օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ, քննիչ հանձնաժողովի ղեկավար Միքայել Մելքումյանի հետ։

-Պարո՛ն Մելքումյան, ինչո՞ւ է նման հակասություն ստեղծվել։

-Շատ քննարկումներ ենք ունեցել, բայց ամեկ մեկս մնացել ենք մեր տեսակետին։ Հանձնաժողովի աշխատանքը կամփոփենք, նոր ամեն ինչ պարզ կլինի։ Բայց մենք մնում ենք մեր տեսակետին։ Իրենք իրենց բիզնեսի, ծառայություն մատուցողի աչքերով են նայում, մենք էլ մեր տեսանկյունից։

-Ի՞նչ ակնկալիքներ կան քննարկումներից։

-Մեծ։ Մենք դեռ պետք է հաջորդ նիստին էներգետիկայի նախարարին եւ ծառայությունների հանձնաժողովի ղեկավարին կանչենք։ Մենք գիտենք բոլոր խնդիրները եւ գիտենք` դրանք ինչի հետ են կապված։

-Ի վերջո, ընդհանուր հայտատարի կգա՞ք։

-Կյանքը ցույց կտա։ Կարծում եմ` հաջորդ տարվա փետրվարի մեկից արդեն իջեցումներ կունենանք։

Լուսինե Մինասյան




Լրահոս