ՀՀ պաշտպանության եւ կրթության, գիտության նախարարությունները համատեղ որոշման նախագիծ են մշակել, ըստ որի` ինտերնատուրայի միջոցով կկարգավորվի կադրերի պատրաստման անհրաժեշտությունը եւ բժիշկ-սպաների պահանջարկի ապահովումը:
Նշենք, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի մի շարք ուսանողներ դժգոհում են, որ զորակոչվելու են բանակ առանց լեյտենանտի կոչման: Մասնավորապես, նրանց առաջարկվում է հետբուհական բարձրագույն կրթության ինտերնատուրա տարբերակը: Այսինքն` մեկ տարի սովորել ինտերնատուրայում, ապա զորակոչվել բանակ որպես լեյտենանտ:
Սրան, սակայն, ուսանողները դեմ են, քանի որ նախ ինտերնատուրա տարբերակում պետք է սովորեն, բայց այդ ընթացքում առաջարկվում է իրենց դառնալ շարքային զինծառայող: Մյուս կողմից պետք է քաղաքացիա-իրավական պայմանագիր ստորագրեն, օրենքի այդ կետից դուրս գան, ինքնակամ դառնան շարքային զինծառայող: Ստացվում է, որ պետք է իրենք իրենց լեյտենանտի կոչումից զրկվեն, դառնան շարքային, հետո նորից ստանան լեյտենանտի կոչում: Այս խնդրի շուրջ նրանք դիմել էին վարչապետին, պաշտպանության նախարարություն, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խնդրի առնչությամբ կատարված քննարկումների արդյունքում կրթության, գիտության եւ պաշտպանության նախարարությունները հաշվի են առել ստացած մասնագիտությունը, առողջապահական համակարգի եւ զինված ուժերում ներկայիս եւ ակնկալվող կադրային պահանջարկը: Եւ որոշվել է շրջանավարտներին առաջարկել 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում (հունվարին) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց անմիջապես հետո ՊՆ-ի հետ կնքել բժշկական համալսարանի իտերնատուրայում մեկ տարի ժամկետով ուսումնառության վերաբերյալ քաղաքացիաիրավական պայմանագիր եւ ուսումն ավարտելուց հետո ծառայության անցնել որպես բժիշկ-սպաներ: Այսինքն, որպես այդպիսին, ուսանողների դժգոհությունը չի բավարարվի: Ամեն ինչ մնացել է նույնը:
Բայց ԿԳՆ-ն առաջիկայում կառավարությանը կներկայացնի պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ լրացուցիչ 35 ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Ասել է թե` ԿԳՆ-ն առաջարկում է պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայում հատկացնել ուսումնառության 35 տեղ ԵՊԲՀ-ի շրջանավարտների մեկամյա հետբուհական կրթությունն ապահովելու համար: Ըստ ԿԳՆ-ի` նման մոտեցումը հնարավորություն կտա ապահովել շարունակական կրթությունը եւ համալրել զինված ուժերում առկա բժիշկ-սպաների կադրային պահանջարկը:
Սյունէ Համբարձումյան