Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական բյուջեից ֆինանսական հոսքերի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես կարևորվել է պետական կառավարման համակարգի բոլոր օղակներում նոր գործիքակազմերի օգտագործումը, որոնք հնարավորություն կտան բարձրացնել ծախսերի իրականացման թափանցիկությունը և այն դարձնել վերահսկելի։
Իր խոսքում պետական նախարարը կարևորել է նաև մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը և առաջարկել է համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձի փոխանակում իրականացնել։
Դավիթ Սանասարյանն իր հերթին տեղեկացրել է, որ այցի ընթացքում արցախյան գործընկերների հետ նախատեսված է համատեղ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ երկարաժամկետ կտրվածքով կքննարկեն փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը։
—
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին