Բացառվում է, որ ես կթողնեմ «Ժառանգություն»-ը. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը բազմիցս հայտարարել էր, որ իրենք, անկախ ամեն ինչից, մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վերջինս նույնիսկ պնդում էր, որ ընտրությունները դեռ մի բան էլ ուշացել են: Սակայն, ինչպես պարզվում է, կուսակցությունում տրամադրություններ են փոխվել: Այնինչ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` կան կուսակցություններ, որոնք բազմաթիվ առաջարկներ են արել պարոն Մարտիրոսյանին իրենց ցուցակներում ընդգրկվելու հետ կապված:

Մասնավորապես` այդպիսի առաջարկ եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

-Այս պահին հստակ որոշում չունենք:

-Ընդամենը մի քանի շաբաթ առաջ լրիվ այլ տրամադրվածություն ունեիք: Ինչի՞ հետ է սա կապված:

-Ընտրական օրենսգրքի այսպիսի ձախողումն է պատճառը: Կարծես թե ամեն ինչ շատ հստակ էր, եւ որեւէ խնդիր չպետք է լիներ: Կառավարության հետեւողականության դեպքում չէր էլ կարող այսպիսի բան լինել: Այդ նոր ԸՕ-ն կապահովեր քաղաքական ընտրություններ, կուսակցությունների համար ավելի գաղափարական եւ ծրագրային պայքար կապահովեր: Այս դեպքում լինելու է ոչ թե գաղափարական, այլ ռեսուրսների պայքար: Առաջին հերթին` ֆինանսական ռեսուրսի, հետո` մարդկային: Նմանատիպ հարստությամբ օժտված են կա՛մ իշխանության մեջ գտնվող կուսակցությունները, կա՛մ այն կուսակցությունները, որոնք օլիգարխիկ ծագում ունեն, եղել են նախկին իշխանությունների մեջ եւ լավ օգտվել են պետական ռեսուրսից:

-«Ազատ դեմոկրատներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները դաշինքով են հանդես գալու: «Ժառանգություն»-ը նրանց հետ քննարկումներ ունեցե՞լ է:

-Այդ դաշինքի հետ` ոչ, բայց անձամբ պարոն Քոքոբելյանի հետ ունեցել ենք քննարկումներ:

-Տեղեկություններ ունենք, որ կուսակցություններ կան, որոնք միայն Ձեզ առաջարկել են լինել իրենց ցուցակներում: Հնարավո՞ր է` համաձայնեք:

-Եղել են նման առաջարկներ շատ կուսակցություններից: Հիմա չեմ ուզում անուններ նշել: Ուզում եմ ասել, որ բացառվում է, որ ես կթողնեմ «Ժառանգություն»-ը ու կմիանամ որեւէ այլ կուսակցության կամ դաշինքի:

-Ըստ Ձեզ` ովքե՞ր կլինեն խորհրդարանում:

-Քաղաքական վերլուծաբաններ կան, թող իրենք անուններ տան: Չեմ կարող որեւէ բան ասել: Միայն կարող եմ ասել, որ ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի ուժը շատ ձայներ կստանա:

-Վերջերս շատ է քննարկվում Դավիթ Սանասարյանի` «Ժառանգություն»-ից դուրս գալու հարցը: Նրա այդ քայլը սպասելի՞ էր:

-«Ժառանգություն»-ը պարզապես հաջողություն է մաղթում պարոն Սանասարյանին, եւ մենք ավելացնելու այլ բան չունենք: Չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել:

Լուսինե Մինասյան




Լրահոս