ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախարարը` ԳՇ պետի հետ հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով նոյեմբերի 7-ի ողբերգական ավտովթարին, որից 4 զինվոր մահացավ, հայտնեց.

«Ինչ է պատահել կոնկրետ` նախաքննության արդյունքում պարզ կլինի: Ծառայողական քննությունը իրականացվում է արդեն վեցերորդ օրը, եւ այդ արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարն իրավասու է կազմակերպչական որոշումներ կայացնել: Ինձ համար արդեն տեսանելի է մոտավորապես` սկսած հրամանատարներից, իրենց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների համար պատասխանատուներից, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական, քանի որ ես հայտարարել եմ, որ եղել է տեխնիկական խնդիր եւս, բայց պարտադիր չէ, որ տեխնիկական խնդիրը եղել է այն մեքենայի, որը որ շրջվել է: Այսինքն` եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետեւանքով է եղել այդ ամեն ինչը…..: Ծառայողական քննության արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարը որոշումներ է կայացնելու, գլխավոր շտաբն իր որոշումները կայացնելու է իրեն վերաբերող մասով, որից հետո կսպասենք նախաքննության ավարտին»:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարին մի քանի հարցեր ուղղեց նախարարությունում տիրող իրավիճակի մասին:

-Պարո՛ն նախարար, ինչպիսի՞ն են Ձեր եւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հարաբերությունները:

-Շատ լավ, շատ գործնական:

-Տեղեկություններ կան, որ այդքան էլ այդպես չէ:

-Ընդհանրապես ես այսպիսի տեղեկություններ չեմ էլ լսել:

-Այդ դեպքում, ինչպե՞ս կբացատրեք, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ունի մեկ հսկայական լրատվական վարչություն, սակայն Գլխավոր շտաբը նաեւ իր հերթին է տեղեկատվական բաժին բացում: Արդյոք սա մեկը մյուսին իր կատարած աշխատանքը ցույց տալու դրսեւորում չէ՞ կամ ա՞յլ նպատակ է հետապնդում:

-Դա ուրիշ խնդիր է, տեղեկատվական բաժինը լրիվ այլ գործառույթ ունի եւ այլ աշխատանքներ է իրականացնում:

-Այսինքն` ներքին տարաձայնության կամ անհամաձայնության արդյունք չէ՞ սա:

-Ոչ, ոչ, տեղեկատվական վարչությունը դա ոչ թե լրատվության հետ շփվելու նպատակով է, այլ ներքին որոշ խնդիրներ զուտ ռազմական առումով, նաեւ զինված ուժերի գործունեությունը ճիշտ լուսաբանելու նպատակով:

-Ազգային անվտանգության ծառայությունում քննություն է գնում Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների գործով: Ինչպես հայտնի է, այդ չարաշահումները տեղի են ունեցել հենց Ձեր նախարար եղած ժամանակ: Ձեզ հարցաքննության հրավիրե՞լ են, եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով:

-Չի եղել, բայց այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է: Ես չէի ուզենա որեւէ մեկնաբանություն անել դրա հետ կապված:

-Թավշյա հեղափոխությունից հետո տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար դաս պետք է լինի , որ այլեւս որեւէ թալան չի իրականացվելու, որեւէ մեկը իր առավելությունը ցույց չի տալու, սակայն իրավապահների բացահայտումները միանգամայն այլ բան են ցույց տալիս: Շատերի վրա իրավիճակի այս փոփոխությունը որեւէ կերպ չի ազդել, ի՞նչ եք անելու այս ուղղությամբ:

-Կարծում եմ , որ հիմա ոչ թե ավելանում են, այլ բացահայտման դեպքերն են ավելացել: Ոչ մի վիճակագրության հիմա չեմ տիրապետում, բայց եթե հիմա որեւէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում եւ ունեցել է հետեւանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում է բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ:

-Բոլորը բողոքում են այն իրավիճակից, որ մի բան անում ես, դատում են, աշխատավարձն էլ քիչ է, մարդիկ չեն կարողանում այդ գումարով տուն պահել: Ի՞նչ եք անում Դուք բանակում ծառայութունը արդյունավետ դարձնելու համար:

-Շատ սխալ դիրքորոշում է դա, ի՞նչ է նշանակում, աշխատավարձը որ բարձր լիներ, չէ՞ին անելու:

-Միգուցե չանեն, բայց, ըստ էության, այս պատկերն ունենք. բավականին ցածր աշխատավարձ, մի թեթեւ արարքի դեպքում դատվում են, դրա համար հարց են բարձրացնում` ինչո՞ւ մնանք, հիմա ի՞նչ անել, որ մարդիկ սրտացավորեն ծառայեն, նվիրված լինեն:

-Մենք այդ ուղղությամբ շարժվում ենք, բայց այդ գործընթացը բավական ժամանակ է պահանջելու: Դրա համար բարեփոխումների մի մեծ փաթեթ միտված է նրան, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն, ու դա միշտ չէ, որ կապված է աշխատավարձի ցածր լինելու հետ, կամ մի բան անում ես, դատում են, շատ սխալ է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս