2015թ. դեկտեմբերի 31-ին Ս. Սարգսյանը տարեմուտի առթիվ այցելել էր Տավուշի մարզի Բերդավան գյուղի մարտական դիրքեր, մասնակցել գյուղի կենտրոնում կայացած տարեմուտի միջոցառմանը: Այդ ժամանակ Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, ֆելզիտե մեծ ժայռաբեկորներ էին տեղադրել:
Դրանք շրջանցիկ ավտոճանապարհը պաշտպանում են ադրբեջանական հենակետերից գնդակոծության դեպքում: Իսկ սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար բաց է: Փաստորեն նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հռչակած «Ապահով Հայաստան» կարգախոսը միայն Սերժ Սարգսյանի համար էր:
Նիկոլ Փաշինյանը արդեն 5 ամիս ՀՀ վարչապետ է, սակայն Տավուշի եւ Հայաստանի համար կարեւոր հիմնահարցը չլուծվեց, սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար հիմա էլ բաց է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ