«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու համար առաջադրված մեղադրանքը: Միայն թե առայժմ ՀՔԾ-ն պաշտոնապես չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ լրացումներ է կատարել նրա մեղադրանքում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Քոչարյանին ոչ թե նոր հոդվածով մեղադրանք է առաջադրվել, այլ հայտնի դրվագներով ավելի է մանրամասնվել առաջադրված մեղադրանքը, նաեւ հիշատակումներ կան լրացուցիչ գործողությունների մասին: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ԱԺ ընտրություններից առաջ լրացնելը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:
Ռոբերտ Քոչարյանն անձամբ չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին, հակառակ սպասումների` նա կարծես թե չի ձեւավորել որեւէ ուժ, որին սատարի ԱԺ ընտրություններին:
Այնպես որ, ՀՔԾ քայլը չի կարելի որակել իշխանությունների կողմից նրան լռեցնելու փորձ: Բայց ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ: Եւ վճռաբեկ դատարանի որոշմանն ընդառաջ ՀՔԾ-ն իր այս քայլով լրացուցիչ հիմքեր է ստեղծում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման հասնելու համար: Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին, նաեւ հետաքրքիր կլիներ ի վերջո իմանալ, թե այս գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ինչ նոր փաստեր է բերել ՀՔԾ-ն:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: