Գուցե ես մեկ ամիս հիվանդ եմ, կամ անվճար եմ երգում, ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ. Լայանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Լայանայի հետ պարզելու, թե հետհեղափոխական Հայաստանում ինչ փոփոխությունններ են տեղի ունեցել երգարվեստի ներկայացուցիչների կյանքում:

-Հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ փոփոխություններ են եղել ձեր կյանքում, ապա ձեր ոլորտի` երգարվեստի բնագավառում: Որեւէ դրական կամ բացասական փոփոխություն նկատե՞լ եք հեղափոխությունից հետո:

-Ոչ, ո՛չ իմ կյանքում եւ ո՛չ էլ մեր կյանքում որեւէ փոփոխություն չկա: Դեռեւս կադրային փոփոխություններ են տեղի ունենում, եւ այլ փոփոխությունների մասին խոսելը, կարծում եմ, դեռ շատ շուտ է: Ամեն դեպքում, հուսով ենք, սպասում ենք…:

-Հայաստանում ինչպես շատանում եմ լրատվամիջոցերը, որոնք լրատվության հետ կապ չունեն, այդպես էլ շատանում են երգիչ-երգչուհիները, որոնք երգավեստի հետ կապ չունեն: Ըստ Ձեզ` ինպե՞ս կարելի է դաշտը մաքրել:

-ժամանակն ամենալավ միջոցն է դաշտը զտելու ու մաքրելու համար: Այսինքն` ով շարունակում է երգել, ապա շարունակում է: Շատ երգիչներ սկսում են երգել, ու հետո չի ստացվում: Դաշտը ինքնըստինքյան մաքրվում է: Այն երգիչը, որը պետք է երգի, շարունակում է երգել, իսկ ով ուղղակի եկել է երգելու ու չի ստացվում, ինքը էլ չի երգում: Ու էդպես դաշտը զտվում է:

-Տարին գրեթե ավարտվում է: Գո՞հ եք անցնող տարուց, ի՞նչ կիսատ գործեր եք թողել:

-Ես ամեն տարի ինչ-որ բաներ չեմ պլանավորում, ինձ մոտ ամեն ինչ պլանավորվում է էտապ առ էտապ: Ես գոհ եմ անցնող տարուց: Գալիք տարում կաշխատեմ նույն ոճով: Նշեմ, որ կար ու ձեւ եմ սովորում եւ մտադիր եմ իմ սեփական բիզնեսը բացել: Սակայն դեռ սովորում եմ այդ ոլորտում, ուզում եմ լինել տեղեկացված: Ի դեպ, կան բեմական հագուստներ, որոնք ես ինքս եմ ինձ համար կարել:

-Կյանքում ապրած ձեր ամենամեծ հիասթափությունը ո՞րն է եղել:

-Երբ մարդու մեջ մարդն ես տեսնում եւ գնահատում, իսկ արդյունքում նա քեզ թիկունքից հարվածում է: Չեմ ուզում մարդկանց մեջ հիասթափվել, ուզում եմ, որ այդ մարդը, ում հանդեպ սրտացավ եմ ու պատրաստ ամեն վայրկյան ներել, իրենք երբեք իրենց մարդ հատկությունը չկորցնեն: Ես հիասթափվում եմ, երբ մարդիկ մեջքից հարված են հասցում, ու այնպես եմ հիասթափվում, որ էլ երբեք չեմ ներում: Դա բնավորություն է, հիասթափվելուց հետո ներել չեմ կարողանում:

-Լայանա՛, անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը ո՞րն է եղել:

-Այս տարին ինձ համար անցել է հարթ: Վերջին շրջանում էս քաղաքական բուռն զարգացումներով էինք ապրում: Շատ բաներ էին կանգ առած այս տարի: Շատերը շատ բաներ չհասցրեցին անել: Կարծեք, ամեն բան գլխիվայր շուռ էր եկել: Գրեթե 6-7 ամիս է` ապրում ենք անորոշ վիճակի մեջ, չգիտենք` ինչպես է լինելու` լավ, թե վատ: Բոլորը շատ զուսպ են իրենց քայլերում: Այս տարի ինձ համար հատուկ ձեւով չի ընդգծվել: Խաղաղ վիճակ է: Իհարկե որպես մայր ցանկանում եմ միայն խաղաղություն լինի երկրում:

-Նախկինում երգարվեստի ներկայացուցիչները նեղսրտում էին, որ իրենց հեռուստաեթերների չեն հրավիրում, իրենց անտեսում են: Հիմա նույնպես կա՞ նման խնդիր:

-Նախ հիմա հեռուստատեսությունը, որպես այդպիսին, հետ է մղվել: Հիմա համացանցն է իշխում, որտեղ հատուկ հրավերների խնդիր չկա: Ես նման բաների վրա չեմ ֆիքսվում: Տարիների ընթացքում քեզ ճանաչում են, հղկվում են, հավատում են, որ դու իսկապես երգում ես, այլ ոչ թե քնից արթնացել ու որոշել ես երգել: Ժամանակը լավագույն հղկող միջոցն է: Բոլոր սկսնակների համար կա այդ խոչընդոտը մինչեւ հասկանալն ու ճանաչում ձեռք բերելը: Այս ոլորտը միշտ դժվար է, անդադար պետք է աշխատել, երբեմն գնահատվում ես, երբեմն` ոչ:

Լինում է նաեւ, երբ քննադատվում ես: Շատ փոշոտ ու փշոտ ճանապարհ է: Ոչ մի արտիստի համար հեշտ չէ: Յուրաքանչյուրն էլ իր ժամանակի մեջ որեւէ բանի հետ բախվում է: Իմ բախտն այքանով է բերել, որ ես 16-17 տարեկանից հայտնվել եմ «Գոհար» սիմֆոնիկի կազմում, ու իմ երաժշտական ուղին իրենց հետ է կերտվել:

Ես եղել եմ աշխարհի լավագույն բեմերում: 200 հոգանոց սիմֆոնիկի սոլիստ եմ եղել, 17 տարեկանում սիրտս դողալով բեմ եմ բարձրացել: Այս առումով բախտս բերել է: Գուցե այդ պառճառով հեռուստաեթերներով ու տեսահոլովակներով չեմ ապրել: Ինձ համար դա մի ուրիշ աշխարհ է եղել, այդտեղ հղկել են մեզ, սովորեցրել են պար, երգ, բեմական խոսք: Պարզապես հիմա այլ երգեր եմ երգում:

-Ինչո՞ւ: Պահանջա՞րկն է այդպիսին:

-Պահանջարկն էլ այդպես չէ: Իմ կարծիքով` մարդիկ ճաշակ ունեն, այն, ինչ մատուցվում է, մարդիկ տարբերում են լավը վատից: Հիմա ավելի շատ ժամանցային երգեր ենք երգում, որ մարդիկ պարեն-ուրախանան, չեն կարող դասական երաժշտության տակ պարել, ուրախանալ:

– ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վերջերս հայտարարեց, որ հարկային դաշտում պետք է ներգրավեն նաեւ շուուբիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար: Կմուծե՞ք հարկ:

-Ես կարծում եմ, որ մինչ այս դաշտ հասնելը այնքան բաց թողնված ոլորտներ կան: Այս դաշտը պետք չէ վերահսկել: Երգիչ-երգչուհիների մեծամասնությունն այլ կերպ է աշխատում: Ես լսել եմ նախարարի խոսքը, երբ ասել է` «թողնում եմ իրենց խղճի վրա», դա կարծեք մի փոքր ծիծաղելի է:

Ես կարծում եմ` նախարարը կվերանայի իր ասածները, չեն կարող ոչ մեկ ոչ մի ձեւով վերահսկել, որովհետեւ անիմաստ է դա: Գուցե ես մեկ ամիս հիվանդ եմ, կամ անվճար եմ երգում, ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ: Ոչ մի ձեւ հնարավոր չէ կոկորդը վերահսկել: Ըստ իս` դա չի լինի` բացառությամբ, եթե երգիչը ռեստորանում աշխատի, գրանցված աշխատող լինի կամ ՍՊԸ ունենա: Օրինակ, ես անցյալում գրանցած էի ռեստորանում, եւ կենսաթոշակային էինք վճարում:

Զրուցեց Նատալյա Պողոսյանը




Լրահոս