ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա, եւ դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ»,- ասել է Մնացականյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց իրավահավասար պետություն, որոնք որոշումները կոնսենսուսի միջոցով են կայացնում:
ՀՀ ԱԳ նախարարի այս կտրուկ հայտարարությունները պատահական չեն, եւ վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահելու հարցում: Միաժամանակ պատահական չէր փաստը, որ Մնացականյանն այս հայտարարություններն անում է ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: