2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում: Խոսքը տնտեսական իրավիճակի մասին է: Բանն այն է, որ Հայաստանը դեռեւս 2013 թվականին 7 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր էր թողարկել, տարեկան տոկոսադրույքն էլ կազմում էր 6.25 տոկոս: Այդ գումարով կառավարությունը ժամանակից շուտ մարեց Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկը։ Ու այդ պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թվականին, եւ հենց այդ առումով էլ 2020 թվականն ամենավատ տարին է լինելու:
Սակայն սա միակ պարտավորությունը չէ, որ պետք է մարել: Բանն այն է, որ 2020 թվականին միայն արտաքին պարտքի սպասարկման գումարը հասնելու է 800-900 մլն դոլարի, եւ 2013թ. թողարկած 700 մլն դոլարի եվրոբոնդերի մարումը եւս մտնում է այդ գումարի մեջ: Այդ 700 մլն դոլարից 200 մլն-ը ետ է գնվել, մնացել է 500 մլն դոլարը: Եվ պարտքի ամենամյա սպասարկման գումարին 2020թ. ավելանալու է նաեւ այս 500 մլն դոլարի մարումը:
Սա փաստացի ավելացնում է պարտքի սպասարկման ամենամյա բեռը, ինչը լրացուցիչ եւ ավելորդ ծանրաբեռնվածություն է լինելու ՀՀ բյուջեի համար: Նման իրավիճակ ՀՀ-ում կրկին եղել է, եւ հենց այդ նպատակով դեռ 2013 թվականին Հայաստանը եվրոբոնդեր թողարկեց: Այդ գումարով մարվել է ռուսական 500 մլն դոլարի թանկ պարտքը, եւ սպասարկման գումարը կազմեց 861 մլն դոլար:
Սակայն սա էլ Հայաստանի կողմից թողարկված միակ պարտատոմսերը չեն: Հայաստանը 2015 թվականին թողարկել էր նաեւ 500 մլն դոլարի պարտատոմսեր` 10 տարի ժամկետով եւ 7.5 տոկոս եկամտաբերությամբ: Եվ հենց սա է, ըստ էության, երբեւէ ձեռք բերված ամենաթանկ վարկը: Այդ տարի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, թե պարտատոմսերը թողարկում են այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար: Եվ հենց այդ տարի էլ կառավարությունը բյուջեի պակասորդը լրացնելուց բացի ետ գնեց արդեն 2013 թվականին թողարկված պարտատոմսերի մի մասը՝ 200 միլիոն դոլար ծավալով։
Սակայն այս քայլն այն ժամանակ քննադատության էր արժանացել տնտեսագետների կողմից: Բանն այն է, որ 2013 թվականին թողարկված պարտատոմսի եկամտաբերությունը 6 տոկոս էր, իսկ 2015 թվականին ներգրավվողը` 7.5 տոկոս, եւ հարց էին բարձրացնում, թե ինչու է որոշվել մարել նման պարտատոմսերի գումարը:
Սակայն պարզվում է` մինչ 2020 թվականին հասնելը հաղթահարել է պետք նաեւ 2019 թվականը, եւ արդեն իսկ մատնանշվում է, որ 2019 թվականի բյուջեն բնորոշվում է որպես համեստ, գոյատեւելու կամ նախկին վարկերը փակելու բյուջեի նախագիծ: Եթե 2018թ. դեկտեմբերի դրությամբ լինելու է մոտ յոթ միլիարդ դոլարի արտաքին պարտք, ապա 2019թ.-ի դեկտեմբերին լինելու է 7,5 միլիարդ դոլարի արտաքին պարտք, իսկ 450 միլիոն դոլարի վարկերը հիմնականում ուղղվելու են նախկինում ձեռք բերված վարկերի մարմանը:
Վերջին ամիսներին շատ է նշվում, որ տարեսկզբի համեմատ պետական պարտքն էապես նվազել է: Մասնավորապես, ՀՀ կառավարության պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 740.9 մլն դոլար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից: Գումարի մեծ մասը՝ 6 մլրդ 164.9 մլն դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 835.2 մլն դոլարը` արտաքին պարտքը, իսկ մնացածը ԿԲ պարտքն է:
Եվ պետական պարտքի նվազման այս միտումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է հրաժարվել նոր պարտք վերցնելու գործելաոճից՝ միաժամանակ միջոցներ ուղղելով պարտքի բեռը թեթեւացնելու համար: Սակայն առջեւում, ամեն դեպքում, դժվար ժամանակներ են սպասվում, եւ մասնագիտական շրջանակներում չեն բացառում, որ 2013 թվականին թողարկված պարտատոմսերի հետեւանքով 500 մլն դոլարը մարելու համար նորից եվրոբոնդեր թողարկվեն, ինչը պետք է արվի կա՛մ 2019, կա՛մ էլ նույն 2020 թվականին: Պարտատոմսեր թողարկելու որոշումներից մեկը կայացվել է Տիգրան Սարգսյանի, մյուսն էլ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Եվ փաստացի նախկինում կայացված որոշումների համար այժմ եւ հետագայում վատ դրության մեջ են հայտնվելու օրվա իշխանությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆԸ՝ ԱՅՍՕՐ
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծի քննարկման համար երկուշաբթի հրավիրվելու է նաեւ ԱԺ արտահերթ նիստ: Ինչպես հայտնի է, այս քննարկումները նպատակ ունեն դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնել նոր օրենսգրքով: Սակայն, ամեն դեպքում, այս հարցում խորհրդարանական ուժերի միջեւ լիակատար համաձայնություն չկա: Մասնավորապես, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դեմ են Ընտրական օրենսգրքի այսպիսի տեսքին, իսկ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, եւ, ամեն դեպքում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է ուշադիր լինի հնարավոր անակնկալներից խուսափելու համար: Այս առումով այսօրվա քննարկումները եւս կարող են անցնել լարված մթնոլորտում, սակայն հետաքրքիր է՝ Փաշինյանի թիմին արդեն սատարող եւ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն այսօր ինչպիսի դիրքորոշում կներկայացնի եւ որ ուժի կողմից կվարի քննարկումները:
ՀՆԻՆ ՊԱՀԵԼՈՎ
Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երեւանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին: Ասել է թե` Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նորընտիր քաղաքապետը որոշել է Արեյանին պահել որպես ինֆորմացիայի աղբյուր: Քանի որ փոխքաղաքապետը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում, հետեւաբար տեղյակ է ամեն մանրուքից: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման տեղեկություն չկա: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի կառուցվածքում բացակայում է Կամո Արեյանի կենսագրությունը:
«ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը առաջիկա օրերին ուշացումով (այն սովորաբար նշվում է հոկտեմբերի 5-ին) կնշի ուսուցչի օրը: Ինչպես հայտնի է, այդ օրվան նվիրված տոնական միջոցառումները հետաձգվել էին` Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ի դեպ, տեղեկացնենք, որ այդ օրը կազմակերպվող հանդիսավոր արարողության ժամանակ պարգեւատրվում են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթներում հաղթողները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթող շրջանառվում է Երեւանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանի անունը, որը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է, որից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հիշեցնենք՝ նախորդ տարի առաջին երկուսին որպես մրցանակ շնորհվել է ավտոմեքենա, տնօրենին` համակարգիչ: Իսկ երեկ կառավարությունը այս նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացրեց 11 մլն դրամ, որից 10.4 մլն դրամը կտրամադրվի «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին` յուրաքանչյուրին 5.2 մլն դրամ: Իսկ ահա 600 հազար դրամ էլ՝ «Լավագույն տնօրեն»-ին:
ԱՆՓՈՓՈԽ Է
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է: Ի պատասխան խնդրանքին` մեկնաբանել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը. ֆրանսիացի դիվանագետը հայտարարել է. «Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մտահոգված ենք, որ մարդիկ են զոհվում, եւ հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»:
ԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի փոխանցմամբ` «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» նախագծում կան կետեր, որոնք լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում երիտասարդ ընտանիքների համար: «Նախագծի մակարդակով պատրաստ է մի փաստաթուղթ, որի համաձայն` ընտանիքի անդամների համագումարը 65-ից դարձնում են 70, եթե նախկինում 30 տոկոս կանխավճար էր պետք, ապա դա էլ 10 տոկոս են դարձնում, եթե երկրորդ բնակարան է գրավադրվում: Մինչդեռ սա մի քիչ անտրամաբանական է, որովհետեւ եթե բնակարան ունենար, կշարունակեր ապրել»,-ասել է նա: Վերջինիս խոսքով` շատ կարեւոր է, որ պատրաստվում են տոկոսադրույքի շեմն իջեցնել մինչեւ 5.5-6 տոկոս, սակայն, սա բավարար չէ, որ ավելի շատ ընտանիքներ հիփոթեք վերցնեն: «Կառավարությունն առաջնահերթ պետք է մտածի աշխատավարձերի բարձրացման մասին: Այսօր մենք ունենք աշխատող աղքատներ, որովհետեւ նրանք աշխատում են, բայց չեն կարողանում պահել ընտանիք»,-ասել է նա:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԻ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել եւ ընդդիմություն դառնալ, այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: Միաժամանակ, նա նկատել է, որ եթե «վերադառնում ես քաղաքականություն, ապա այդ մասին պետք է մտածել»: Նախկին նախագահի խոսքով` կուսակցության անունը սկզբունքային չէ. «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել…Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում եւ ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել ի շահ երկրի»,-հայտարարել է Քոչարյանը: Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին` նա պարզաբանել է, որ ուղղակի չի հասցնում. «Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ ես պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբեւէ եղել է»:
ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԸ
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի կալանքների օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի` Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով` ՄԻԵԿ 5(1) եւ 5(3) հոդվածների խախտում: «Այսպիսով, ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ. Ոսկերչյանին եւ Մ. Այվազյանին անազատության մեջ պահելու որեւէ հիմնավորված եւ թույլատրելի հիմք: Որպես արդարացի փոխհատուցում` կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին` 4500 եվրո գումար»,-նշել է Շուշանյանը:
ՊՐԱԳՄԱՏԻԿ
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անցկացումը Երեւանից Մոսկվա տեղափոխվելու հարցին, նշել է, որ սա այն հարցերից է, որին պետք է պրագմատիկ վերաբերվել: «Չգիտեմ` ինչպես է կարգավիճակը, բայց ես կխորհրդակցեմ իմ գործընկերների հետ: Հայաստանում կանցնի այսօր, թե ոչ, հարցը պետք է որոշվի պրագմատիկ ճանապարհով»,-ասել է նա` նշելով, որ դրա մեջ ինքը խնդիր չի տեսնում: Հարցին, թե բանակցություններ, նոր հանդիպումներ ԼՂ հիմնահարցի շուրջ հնարավոր են արդյոք, քանի որ նկատելի է բանակցությունները սառել են, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է. «Ինչպե՞ս են սառել: Հինգ ամսվա մեջ երկու անգամ հանդիպել ենք»: