Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Պետական նախարարը նախ եղել է «Ռեյփսիդ» ՍՊ ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի գործարանում, որտեղ սեփականատիրոջ ուղեկցությամբ ծանոթացել է արտադրական ընթացքին, գործարանում արտադրվող ռաֆինացված և չռաֆինացված ձեթերի տեսականուն, հետաքրքրվել մթերվող յուղատու մշակաբույսերի ծավալով: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել գործարանի դերը Արցախում վերամշակող արդյունաբերության զարգացման և հատկապես տեղական հումքի իրացման գործում: Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել նման ձեռնարկությունների գործունեությանը, որը ռազմավարական նշանակություն ունեն հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում:
Այնուհետև Գ. Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին: Նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ: