Նոյեմբերի 18-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում:
Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին, մարվել՝ 14:43-ին: Բնակարանի պատշգամբում (4 քմ) մասամբ այրվել են սեղանը, խորդանոցի դուռը և պատուհանի փայտյա կառուցատարրերը:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել Ա. Հ.-ին (ծնված 1930 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: