ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով իր պաշտոնը ստանձնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 6-ին ստորագրված հրամանագրով եւ, ըստ էության, իր աշխատանքը սկսել է արդեն թավշյա հեղափոխությունից հետո` աշխատելով նորընտիր վարչապետի եւ կառավարության հետ:

-Պարո՛ն դեսպան, Դուք դեսպանի աշխատանքն, ըստ էության, սկսեցիք հենց թավշյա հեղափոխությունից հետո: Ըստ Ձեզ` ի՞նչ է փոխվել այս ընթացքում:
-Գիտեք, ինձ թվում է, որ զուտ դեսպանի աշխատանքի առումով փոփոխություն չկա, քանի որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ բոլոր առումներով: Դա, իհարկե, ամենակարեւորն է, որ ես կարող եմ ասել նաեւ իմ աշխատանքի առումով այստեղ: Եվ իմ գլխավոր առաքելությունը հանդիսանում է այդ զարգացումներին նպաստելը: Ինչ վերաբերում է Հայաստանում տիրող իրավիճակին, ապա մենք իհարկե ուշադրությամբ հետեւում ենք այդ ամենին, փորձում ենք հասկանալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի նրբությունները: Ղեկավարություն է փոխվել, եւ, բնականաբար, ես` որպես դեսպան, ծանոթանում եմ նրանց հետ:
-Դուք նաեւ հանդիպել էիք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ըստ Ձեզ` ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքականության մեջ:
-Այո, ես հանդիպել եմ նրան: Չեմ կարող ասել, որ հաճախ, սակայն ոչ մեկ անգամ, եւ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն ունեմ: Ես կարող եմ ասել, որ նա բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է եւ վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ, եւ երկու կողմից էլ հասկանում են դրանց կարեւորությունը:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ երկու երկրների հարաբերություններից զատ դրանք առկա են նաեւ երկու երկրների ղեկավարների՞ մոտ:
-Ես փաստում եմ, որ իսկապես նրանց միջեւ երկխոսությունը հաստատված է, եւ դա շատ կարեւոր է: Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանց շրջանակը բավականին լայն է եւ շարունակում է ընդլայնվել: Մենք ունենք շատ ոլորտներ, որոնց շուրջ կարող ենք փոխհամագործակցել:
-Ստացվում է` ըստ էության, Հայաստանում իշխանության փոփոխությունը չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Գիտեք, ես ելնում եմ այն մտքից, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան լայն են եւ ամուր, որ այդպիսի հանգամանքները չեն կարող ազդել: Իհարկե, այն քաղաքական ուղղվածությունը, որով առաջնորդվում է ղեկավարությունը, նշանակություն ունի: Եվ այդ առումով մենք շատ ուշադիր ենք լսում այն ազդանշաններին, որոնք գալիս են ղեկավարությունից: Շատ կարեւոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել , մնում եւ լինելու է գործընկեր Հայաստանի համար: Եվ սա համապատասխանում է վերջին տարիներին տարվող քաղաքականությանը:
-Այդ առումով Դուք Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ ուղղվածության փոփոխություն չե՞ք տեսնում:
-Կրկնեմ, որ մենք իսկապես մեծ ուշադրությամբ ենք հետեւում այն ազդակներին, որոնք տալիս է Հայաստանի նոր ղեկավարությունը, այն քայլերին, որոնք անում է: Եվ մենք կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարության հստակ հայտարարությունները եւ ռազմավարական հարաբերությունները շարունակելու մասին պնդումները համապատասխանում են նաեւ հայ ժողովրդի կամքին, որն էլ հենց ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը:
-Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո շատ է նշվում այն մասին, որ Ռուսաստանը մշտապես խառնվում է Հայաստանի ներքին կյանքին:
-Ես այդպես չեմ կարծում: Մեր քաղաքականությունը կառուցված է Հայաստանի ներքին կյանքին չխառնվելու հանգամանքով: Այն դիրքը, որ ՌԴ-ն զբաղեցրել է նաեւ այս տարվա գարնանը, երբ ընթանում էին հայտնի իրադարձությունները, շատ զուսպ էին: Մենք շատ խնամքով ենք վերաբերվում Հայաստանին եւ այստեղ ընթացող իրադարձություններին: Իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանում կայունություն լինի, հայ ազգը ճիշտ որոշում կայացնի, այն փոփոխությունները, որոնք եղել են, հիմք դառնան երկրի հետագա զարգացման: Բնականաբար ՌԴ-ի կողմից Հայաստանի ներքին հարցերին խառնվելու մասին որեւէ հարց չի եղել եւ չի էլ լինելու: Բայց դա չի նշանակում, թե մեզ համար միեւնույն է, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ մեզ համար այն եղբայրական երկիր է: Իհարկե, մենք բաց ենք այլ երկրների հետ հարաբերությունների հարցում, սակայն Հայաստանը մեզ համար մոտ երկիր է եւ ռազմավարական գործընկեր է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՄՈՏ ՉՍՏԱՑՎԵՑ

Արդեն երկու օր է, ինչ հայրենի խորհրդարանում դեռեւս փաստացի մեծամասնություն համարվող ՀՀԿ խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստերը: Եվ եթե նախօրեին արտահերթ նիստ էր, ապա երեկ մեկնարկեցին հերթական քառօրյայի աշխատանքները, որի օրակարգում շատ լուրջ հարցեր են ընդգրկված, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն, Համաներում հայտարարելու մասին նախագիծը եւ այլն: Սակայն, ըստ էության, ՀՀԿ-ն սկսել է խոչընդոտներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ներկայացված նախագծերի անցկացման համար:

Նախ հիշեցնենք, որ նախօրեին, երբ արտահերթ նիստում քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, առավոտյան գրանցվել էին միայն 53 պատգամավոր, այսինքն այն նվազագույն թիվը, որն անհրաժեշտ է քվորում ապահովելու եւ նիստի աշխատանքները սկսելու համար: Այնինչ քվեարկության դրված օրենքը սահմանադրական էր եւ քվեարկության համար փաստացի 63 պատգամավոր էր անհրաժեշտ: Եվ մինչ երեկոյան` քվեարկության ժամը, հաջողվեց ապահովել 69 պատգամավորի ներկայություն դահլիճում: Այսինքն՝ էլի չհաջողվեց անհրաժեշտ թվով պատգամավորներ հավաքել:
Այս իրավիճակի պատճառները կարող են տարբեր լինել: Նախկինում, երբ անհրաժեշտ էր լինում որեւէ նախագիծ անցկացնել, եւ հանրապետականները չէին ունենում բավարար թվով ձայներ, նրանք «որսի» էին դուրս գալիս եւ փորձում այլ խմբակցություններից իրենց համախոհներ գտնել կամ էլ գետնի տակից գտնում եւ բերում էին այնքան թվով ՀՀԿ-ական պատգամավորներ, որքան անհրաժեշտ է այդ նախագծի անցկացման համար: Եվ այդ սուրբ գործը կատարելու պարտականությունը կատարում էին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր զանգահարում եւ պարզապես «բերման էին ենթարկում» պատգամավորներին:
Նախօրեին` Ընտրական օրենսգրքի քննարկման օրը, այդպիսի քայլեր էր փորձել կատարել առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, սակայն իրականում նա ձախողեց իր առաքելությունը: Ընդ որում, նա ձախողեց ոչ միայն ՀՀԿ-ից փաստացի դուրս եկած եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պաշտպանածներից մի քանիսին բերման ենթարկելու գործում, այլ նաեւ իրենց հետ հուշագիր ստորագրած «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՅԴ-ի դեպքում, որոնց պատգամավորներից եւս չքվեարկողներ կային: Ստացվում է` Նիկոլ Փաշինյանի թիմը նույնիսկ չի կարողանում նախագծերի քվեարկություն պատշաճ կազմակերպել: Ի վերջո, ամեն անգամ չես կարող հույս դնել ժողովրդի աջակցության վրա: Նկատենք, որ սա Նիկոլ Փաշինյանի թիմի առաջին ձախողումը չէր:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Տարիներ առաջ սնանկ ճանաչված «Արմավիա» եւ «Էյր Արմենիա» ավիաընկերությունների գույքի աճուրդը դեռ շարունակվում է: Ըստ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի` դեռ չի վաճառվել «Արմավիա»-ի «CRJ 200LR» ինքնաթիռը: Այն կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավի մեկնարկային գինը 364 մլն դրամ էր, բայց հիմա ավելի քան 70 մլն դրամ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աճուրդի է հանված նաեւ «Ամերիաբանկում» գրավադրված եւ «Միկա Լիմիթեդին» պատկանող նախկին «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանը: Ի դեպ, գործարանի գինը 1,3 մլրդ դրամ արժեր, իսկ հիմա այն դարձել է 618 մլն դրամ: Փոխարենը վաճառվել է ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող բնակարանները: Մյուս կողմից, չի վաճառվում նաեւ «Էյր Արմենիա»-ի մեքենաները: Վաճառվել է միայն գրասենյակային գույքը:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սնանկության գործով կառավարիչը չի կարողանում վաճառել «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծնողների երեւանյան առանձնատունը, որը գրավադրված է «HSBC» բանկում: Առանձնատան մեկնարկային գինը գնահատվել է ավելի քան 800 մլն դրամ, բայց այսօր դրա գինը կազմում է 284 մլն դրամ:

 

 

ՇՄԱՅՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն եւ որեւէ բան չխոսեք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռեւս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին: Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որեւէ բան չխոսել քրեական գործով, եւ նրանք ազատ են, կարող են գնալ տուն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Կառաջադրվի՞, թե՞ ոչ, դեռեւս հայտնի չէ:




Լրահոս