«Ժողովուրդ» օրաթերթը խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբի պետ Դավիթ Խաժակյանի հետ:
-Պարո՛ն Խաժակյան, ի՞նչ սկզբունքով են կազմվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակները:
-Մեր ցուցակը, ըստ էության, բաղկացած է երկու մասից` կուսակցականներից եւ անկուսակցականներից: «Լուսավոր Հայաստանի» ստեղծման օրվանից մենք ունեցել ենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, ինչը նշանակում է, որ այն անդամները, որոնք իրենց ջանքն են ներդնում կուսակցության համար, պետք է գնահատված լինեն: Դա որոշվում է կուսակցության կառավարման խորհրդի կողմից եւ ձեւավորվում է որոշակի հաջորդականություն: Այդ հաջորդականության մեջ ներառվում են նաեւ մարզային կառույցները: Ճիշտ չէր լինի, որ խորհուրդը, որը գործում է Երեւանում, ամբողջությամբ զբաղեցներ առաջնային տեղերը: Ցուցակում ներառված են այն անկուսակցականները, որոնք մեզ հետ են եղել երկար ժամանակ եւ աջակցել են մեզ: Ցուցակի տասնյակում փորձել ենք ներառել պետական կառավարման առանցքային ոլորտներին տիրապետելու հմտություններ ունեցող անձանց: Չեմ խոսի քաղաքական ներկայացուցիչների մասին, որովհետեւ թե՛ Էդմոն Մարուքյանի, թե՛ Մանե Թանդիլյանի, թե՛ Գեւորգ Գորգիսյանի մասնագիտական ճանապարհին բոլորն են ծանոթ: Մենք ունեք փայլուն իրավագետ, փաստաբան, ֆինանսիստ, տնտեսագետ եւ շատ այլ իրենց ոլորտին տիրապետող լավ մասնագետներ:
-Պարոն Մարուքյանը` որպես ցուցակի առաջին համար, մասնակցելո՞ւ է ամբողջ քարոզարշավին:
-Պարոն Մարուքյանը առաջնորդելու է քարոզարշավը, շրջելու է մարզերով, շրջելու է Երեւանում:
-Բոլոր մարզերում լինելո՞ւ եք:
-Անպայման:
-Ինչպե՞ս եք պատրաստվում քարոզարշավ իրականացնել` հաշվի առնելով եղանակային վատ պայմանները:
-Եղանակային պայմանները իրոք լուրջ խոչընդոտ են, բայց մենք դրանք հաշվարկել ենք: Այս պահին չեմ ցանկանա մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ փորձել ենք կոմպենսացնել այդ բարդությունները:
-Պարոն Մարուքյանը առանձին շեշտելո՞ւ է, թե ռեյտինգային որ թեկնածուներին է սատարելու:
-Ոչ, նման բան չի լինելու: Ամենափոքր տարածքում հինգ հոգանոց ցուցակ ունենք, ունենք նաեւ 15 հոգանոց ցուցակներ: Պարոն Մարուքյանը, լինելով կուսակցության առաջնորդը, որեւէ թեկնածուի այդ առումով առավելություն չի տա. բոլորը կլինեն հավասար մրցակցային պայմաններում:
-Ռեյտինգային ընտրակարգը ստիպում է, որ նույն քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուները մրցեն իրար հետ: Թեկնածուների մեջ կռիվները կանխելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
-Այդ տարածքային մրցակցությունը պարզապես համարում ենք եղած իրողություն եւ մեր թեկնածուներին էլ ասում ենք, որ իրենք ոչ թե պայքարում են իրար դեմ, այլ պայքարում են, որ առավելագույն ձայներ ստանան: Մեր հորդորը նրանց եղել է իրենց քայլերը կոորդինացնել միմյանց հետ եւ այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ մեկը մյուսին չխանգարի:
-Պարոն Մարուքյանը հայտարարեց, որ չի տեսնում համագործակցություն իշխող կուսակցության հետ: Այսինքն` բացառապես ընդդիմություն լինելու համա՞ր եք գնում խորհրդարան եւ բացառո՞ւմ եք, որ երբեւէ կլինեք իշխանության մաս:
-Մինչեւ ընտրությունների արդյունքների ներկայացումը վաղ է խոսել իշխանություն եւ ընդդիմություն լինելու մասին, բայց ասել ենք, որ եթե մենք ԱԺ-ում չունենանք մեծամասնություն, ինչը բնական է այս իրավիճակում, մենք չենք կազմելու կառավարության մաս, մենք չենք լինելու կցորդ իշխանությանը եւ, առավել եւս, որպես ընդդիմություն չենք լինելու այդպիսին:
-Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը` ո՞ր երեք ուժերը կլինեն ԱԺ-ում:
-Թույլ տվեք կանխատեսումներ չանել: Միայն մի բան գիտեմ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լինելու է երկրորդ տեղում:
-Վստա՞հ եք:
-Միանշանակ:
Լուսինե Մինասյան