Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա ընթացքում նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը այս տարվա 10 ամիսների արդյունքներով նվազել է 8.1 տոկոսով` կազմելով 719 մլրդ 664.7 մլն դրամ: Սա, ի դեպ, միակ ոլորտն է, որտեղ տասը ամսվա կտրվածքով ոչ թե աճ է, այլ անկում: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբեր-սեպտեմբերին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 7.8 տոկոս:

Ըստ մասնագետների` գյուղատնտեսության ոլորտում տարին այդքան էլ լավ չսկսվեց. անոմալ եղանակային պայմանների արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները սովորականից մեկ ամիս շուտ սկսվեցին, ապա տեղումների բացակայության հետեւանքով ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց: Այնուհետեւ ամռան տապն ուղեկցվեց երաշտով, եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, եւ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին: Բացի այս, այն գյուղացիները, որոնք բերքի անհրաժեշտ քանակ ունեն, կանգնած են լուրջ խնդրի` իրացման առաջ: Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ խոսել է այս ոլորտի մասին` նշելով, որ արդյունքները տարիներ շարունակ կախված են եղել եղանակային պայմաններից՝ արդյոք կարկուտ կգա եւ բերքը կփչացնի, թե ոչ: Վարչապետի բնութագրմամբ` այս իրավիճակը 21-րդ դարին սազական չէ. «21-րդ դարում կարկուտից կախված տնտեսություն ունենալն աբսուրդ է»,- ընդգծել է նա:




Լրահոս