«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է: Մենք զրուցել ենք հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, հեղափոխության, հակահեղափոխության շանսերի, ընդդիմության ձեւավորման եւ այլ թեմաների շուրջ: Պարոն Մարությանը նշել է, որ եթե ժողովրդի մեծամասնությունը սատարում է Նիկոլ Փաշինյանին, ինքը չի կարող այլ կերպ վարվել: Միեւնույն ժամանակ դերասանը կարծիք է հայտնել, որ հակահեղափոխականները քնած չեն, ատամները սրած սպասում են, որ ներկայիս իշխանությունը սխալվի: Մեր զրուցակիցը տեսակետ է հայտնել, որ խորհրդարանում բազմակարծություն է պետք, որպեսզի «թագավորի» սուրը աջ ու ձախ չկտրի:
-Պարո՛ն Մարության, մայր թատրոնի, պետական թատրոնի ներկայացուցիչ եք: Հետաքրքիր է` մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Ի՞նչ տպավորություններ ունեք նրա գործելաոճից: Մշակույթի նախարարի փոփոխությունը որեւէ կերպ ազդե՞լ է ոլորտի վրա:
-Ախր ես մշակույթի նախարարի երեսը չեմ տեսել, նա դեռ ոչ մի քայլ չի արել, ես ինչպե՞ս կարծիք ունենամ: Երեւի խորհրդարանական ընտրություններից հետո կշփվենք, կարծիք կկազմեմ:
-Նիկոլ Փաշինյանի անձի, նրա թիմի անդամների մասին ի՞նչ կարծիք ունեք: Վստահու՞մ եք նրանց:
-Մի ամբողջ ժողովուրդ ջարդում է երկրի պատուհանները, դուք ասում եք` վստահությու՞ն: Մարդուն հավատում են չէ՞: Նրա թեկնածուն Երեւանում 80 տոկոս ձայն է հավաքում, վստահությունն էլ ո՞նց է լինում: Դա ասելո՞ւ բան է:
-Իսկ ի՞նչ եք կարծում, հակահեղափոխությունը Հայաստանում ի՞նչ շանսեր ունի: Հնարավո՞ր է, որ ժողովրդական շարժումն ինչ-որ փուլում ձախողվի:
-Որտեղ հեղափոխությունն է, այնտեղ էլ` հակահեղափությունը, ո՞նց կարելի էր նման բան չսպասել: Ամեն բան կախված է այն բանից, թե իշխանությունն ինչպես կպահի իրեն: Հակահեղափոխականներն էլ հո քնա՞ծ չեն, սպասում են, որ իշխանությունը սխալվի, ու հարձակվեն: Որտեղ «դիմությունն է», այնտեղ էլ` ընդդիմությունը: Պետք է կարողանալ ճիշտ աշխատել, անաչառ լինել. բարդ բան է դա:
-Դուք շփվում եք արվեստի մարդկանց հետ, տեղյակ եք նրանց սպասելիքներից, այդ շրջանակներում ի՞նչ տրամադրություններ են տիրում:
-Մարդիկ, իսկապես, մեծ հույսեր ունեն, բոլորն էլ բարելավումների են ձգտում: Կարծես հույսի մի շող է բացվել մարդկանց համար: Ես նրանցից չեմ, ովքեր որեւէ երեւույթի մասին միանգամից կարծիք են կազմում. ինձ ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ` ինչ է կատարվում: Եվ հետո դեռ պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, թե չէ այս խորհրդարանով ի՞նչ պետք է աներ խեղճ մարդը (նկատի ունի` Նիկոլ Փաշինյանը-հեղ.), ճիշտը խոսենք էլի: Այս խորհրդարանը ոչ մի բան էլ չէր անցկացնելու: Այդ պատճառով եմ ասում, որ ընտրություններն ամեն բան ցույց կտան: Աստված տա` լավ լինի, թե չէ այս ժողովուրդը մեղք է, ես հույս ունեմ, որ գոնե մեր թոռները պայծառ ապագա կունենան, լավ կապրեն:
-Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը կարող է անցնել խորհրդարան առանց կաշառք բաժանելու: Դուք դա հնարավոր համարու՞մ եք:
-Ամեն կուսակցություն էլ իր համախոհներն ունի: Եթե իրենք կարողանան նվազագույնի շեմը հաղթահարել, ավելի լավ. որքան շատ կուսակցություններ լինեն խորհրդարանում, այնքան լավ, այնքան հետաքրքիր կլինի, այլապես Հայաստանը կդառնա միակուսակցական երկիր ԽՍՀՄ-ի նման: Անպայման պետք է ընդդիմություն լինի, որ «թագավորի» սուրը աջ ու ձախ չկտրի, կտրելուց առաջ ասի` կարո՞ղ է էսինչ մարդն ինձ դեմ դուրս գա, չնայած Նիկոլ Փաշինյանը խելոք մարդ է, զարմանալի խելոք եւ պատրաստված: Հավատում եմ, որ այդպիսի բան չի անի:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԳՐՉՈՎ, ԿԱՆԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Հոկտեմբերի 13-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է Vitamin Production-ի նոր` Women՚s Club նախագիծը: Այն, մի կողմից, «Վիտամին» ակումբի «կանացի» տարբերակն է, մյուս կողմից` մեզ հայտնի Comedy Women ֆորմատի հայկական տարբերակը:
Նախագծի պրոդյուսերը Վլադիմիր Սահակյանն է: Նախագծում ընդգրկված են դերասանուհիներ Լուիզա Ներսիսյանը (հաղորդավարուհի), Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Մաշա Մատվեեւան եւ «Ինստագրամ»-ի աստղ Լիլի Մորտոն: Նրանք ամենատարբեր իրավիճակների նայում են կանացի աչքերով եւ ներկայացնում են դրանք հումորային շեշտադրումներով: «Ժողովուրդ» օրաթերթը նախագծի մասին զրուցել է Զառա Սահակյանի հետ: Նրա խոսքով` Women՚s Club-ը նկարահանվում է բավական սեղմ ժամկետներում, եւ թեթեւ, ժամանցային այդ նախագիծն իրենցից բավական շատ էներգիա է տանում. «Ամեն ինչ անում ենք, որ տարբերվող այս նախագիծը հաջողություն ունենա: Դա մի քիչ դժվար է, քանի որ դերասանուհիներից ամեն մեկն իր կարիերան ունի, ընտանիքը, երեխաները»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք կանանցով միմյանց լավ են հասկանում եւ չեն վիճում, Զառան պատասխանեց. «Դեռ չի եղել, որ կռվենք, բայց եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս, անպայման ասում եմ: Ամեն դեպքում, ամեն մեկս քաջ գիտակցում ենք, թե որն է մեր ֆունկցիան: Պարբերաբար փոքրիկ ժողովներ ենք ունենում, մտքերով փոխանակվում ենք, իսկ որ ամենակարեւորն է, փորձում ենք թիմային մտածել եւ աշխատել, այնպես չէ, որ ամեն մեկս մեր սայլն ենք առաջ քաշում»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Women՚s Club-ից սպասենք միայն կանացի՞, թե՞ նաեւ այլ բազմազան թեմաներ. «Ոչ միայն: Ամեն անգամ մենք հայտնվելու ենք նոր իրավիճակում: Բնականաբար, կանացի թեմաները գերակշռող կլինեն, բայց ամենազավեշտալին այն է, որ այդ համարների սցենարները գրվում են տղամարդկանց կողմից»,-ասաց Զառան:
Հավելենք, որ կանանց հետ պարբերաբար հանդես կգան նաեւ ակումբի տղաները` Գոռը, Պոնչը, Գրիգը եւ թիմին նոր միացած Վահե Զիրոյանը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԿՐԿԻՆ ՈՒՇԱՑԵԼ Է
«Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Ինտեր»-ի հետ խաղից առաջ ուշացել է թիմի նախախաղային ժողովից: Թիմը հավաքվել էր տեղական ժամանակով 19:00-ին` մեկնարկային սուլիչից 2 ժամ առաջ: Սակայն Դեմբելեն ժամանել է միայն 19:25-ին: Դեմբելեն ողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին եւ անգամ նախավարժանք չի կատարել հավանական փոխարինման մտնելու համար: Նախորդ տարի «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն հարցազրույցներից մեկում պատմել էր ժողովների կազմակերպման համար թիմային չաթի ստեղծման մասին:
Իսպանացու խոսքերով` չաթն օգտակար էր եղել` կապված այն բանի հետ, որ Դեմբելեն հակված էր ուշացումների:
11 ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Սպորտինգ»-ի հետ անցկացրած խաղից հետո գրառում է կատարել սոցցանցի իր էջում: ««Զինագործները» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության են հասել` տանելով իրենց 11-րդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշարերում: 11 անընդմեջ հաղթանակ: Հիանալի աշխատանք էր, թիմ»,- նշել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը վերջին 11 տարում առաջին անգամ է 11 անընդմեջ հաղթանակ տարել բոլոր մրցաշարերում: «Արսենալ»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 28-ին:
ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
«Ինտեր»-ը երկարաձգել է պայմանագրերը հիմնական կազմի 6 ֆուտբոլիստների հետ: Իտալական ակումբի հետ նոր պայմանագրեր են կնքել բրազիլացի պաշտպաններ Դալբերտը (մինչեւ 2023-ի ամառը) եւ Ժոաո Միրանդան (մինչեւ 2020-ի ամառը), իտալացի կիսապաշտպաններ Անտոնիո Կանդրեւան (մինչեւ 2021-ի ամառը) ու Ռոբերտո Գալյարդինին (մինչեւ 2023-ի ամառը), խորվաթ Մարսելո Բրոզովիչը (մինչեւ 2022-ի ամառը) եւ ուրուգվայցի Մաթիաս Վեսինոն (մինչեւ 2022-ի ամառը): Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 9-րդ տուրից հետո «Ինտեր»-ը զբաղեցնում է երրորդ տեղը:
ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 3 խաղով որակազրկել է Կիեւի «Դինամո»-ի պաշտպան Տամաշ Կադարին: Հունգարացի ֆուտբոլիստը պատժվել է «Վոսկլա»ի դեմ Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի խաղում ոչ մարզական վարք դրսեւորելու համար: