Այսօր կառավարության նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ նախագծի՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացումը, որի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության ռազմավարական մոտեցումը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելն է.
«Բնապահպանական հարցերում մենք լինելու ենք առավել նախանձախնդիր: Մենք երբեք չենք ասել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը փակելու ենք, այլ ասում ենք, որ այն պետք է իրականացվի միջազգային բարձր ստանդարտներով:
Ուզում եմ հետևյալ հարցը դնել՝ եթե կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որ, օրինակ՝ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի, կամ անտառների պաշտպանության մակարդակը բարձրանա, ո՞ւմ համար է դա արվում։ Այսպիսի դրամաշնորհային ծրագրերը շատ կարևոր են, որ կարողանանք մարդկանց համոզել, որ անտառ չկտրելով՝ կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան անտառ կտրելով, որ անտառ կտրելը մեզ ուղղակի փակուղի է տանում»,- նշեց նա։