Վեկտոր փոխելով. ինչպես Արագած Ախոյանը կրկին հայտնվեց ԲՀԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված, բայց եւ չընտրված Արագած Ախոյանն ամիսներ առաջ անդամակցեց «Ալյանս» կուսակցությանը, իսկ այսօր ԲՀԿ ռեյտինգային ցուցակում է: ԲՀԿ-ից դուրս գալուց հետո ՀՀԿ-ով առաջադրվելիս Ախոյանը ստացավ 2442 ձայն: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանի հետ:

-Պարո՛ն Ախոյան, հաշվի առնելով նախորդ ընտրությունները` ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Այս ընտրությունները խիստ տարբերում եմ մնացած բոլոր ընտրություններից: Այն յուրահատուկ է այն առումով, որ չկա նախկին աշխատելաոճը կամ գոյություն ունեցող արատավոր պետական լծակների միջամտությունը: Կարծում եմ` այսօր ամբողջը կլինի մարդու հեղինակության եւ իր վարքագծի հետ կապված: Եթե ասեմ, որ փայլուն եմ գնահատում իմ շանսերը, ոչ, բայց հույսս այն է, որ 10 տարի աշխատել եմ, շփվել եմ, ժողովուրդը տեսել է իմ արածը:

Ռեյտինգային համակարգին միշտ դեմ եմ եղել, որովհետեւ ոչ մեկը չի նայում ծրագրերին: Ասում են` սա իմ ծանոթն է, սա հորեղբորս տղան է եւ այլն: Բայց եթե հաշվի առնենք իմ անցած ճանապարհը, հեղինակությունը, ամեն բան լավ է: Էնպես չի, որ ինձ չեն ճանաչում: Աշխատել է պետք: Ժողովրդին ասելիք ունեմ, առաջարկներ ունեմ: Ինքը կորոշի` ում տա իր քվեն:

-Դուք անցած անգամ առաջադրված էիք Հանրապետական կուսակցության ցուցակով, այս անգամ` ԲՀԿ: Ինչո՞ւ:

-Քանի որ սահմանդրությունը թույլ չէր տալիս անհատ առաջադրումները, բնականաբար, պետք է լինեի ինչ-որ կուսակցության ցուցակում: Բայց ես եղել եմ անկուսակցական, ուղղակի այն ժամանակ քննարկումների արդյունքում որոշվեց, որ իմ լինելը պառլամենտում օգուտ է պետության համար, դրա համար ընտրվեց այդ տարբերակը: Հիմա հասկանում եմ, որ չեմ կարող պատասխան տալ մի կուսակցության վարքագծի համար, որի հետ կապ չեմ ունեցել: Էլ ո՞ւր պիտի գնայի, եթե ոչ ԲՀԿ:

– Բայց ժամանակին ԲՀԿ-ից հեռացաք:

– Ես ԲՀԿ-ի հիմնադիրներից եմ եղել: Եղել է պահ, երբ քաղաքական վեկտոր է փոխվել, որի հետ համաձայն չեմ եղել եւ ազատ արտահայտել եմ իմ դիրոքորոշումը: Հետո տեսանք, որ ամեն ինչ վերականգնվեց, ամեն ինչ նորմալ է, ես եկել եմ հոգեհարազատ միջավայր:

Լուսինե Մինասյան




Լրահոս