Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:
Հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:
Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:
Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:
21-րդ ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակված միջոցները, ինչպես միշտ, նպատակաուղղվելու են թե՛ Հայաստան, թե՛ Արցախ: