Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի դրամական միջոցները անհասկանալի պայմաններում ավելացել են: Այսպես, եթե 2016 թվականին դատավորն ունեցել է 9 մլն դրամ, ապա 2017-ին այն դարձել է 14 մլն դրամ, 150 հազար ռուսական ռուբլին` 350 հազար: Իսկ 28 հազար դոլարը մնացել է նույնը: Որպես եկամուտ նա հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 609 հազար դրամ:
Բացի այս, դատավոր Եսոյանը անցած տարում 220 հազար ռուսական ռուբլու չափով «նվեր» է ստացել: Թե ով է տվել այդ «նվերը» եւ ինչու, դեռեւս հայտնի չէ: Նաեւ նա ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ: Անցած տարվա ընթացքում դատավորը 3 մլն 152 հազար դրամով վաճառել է Nissan Altima 2.5 մակնիշի ավտոմեքենա: Իսկ կնոջ` Լիլիթ Թազայանի անցած տարվա եկամուտը կազմել է 112 հազար դրամ, բայց չնայած սրան` ունի 5 մլն դրամի, 37 հազար դոլարի չափով դրամական միջոց: Համաձայնեք, որ կասկածելի է` այդքան քիչ եկամուտով ինչպես է հաջողացրել դրամական միջոցներ կուտակել: