Մշակույթի, արվեստագետի կյանքի եւ հայաստանյան ներքաղաքական իրավիճակների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի հետ:
-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում, գործունեության ի՞նչ փուլում եք:
-Անկեղծ ասած` կոնկրետ գործեր չկան, գնում եմ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» դասերի, իմ առօրյա գործերն են: Ավելի շատ մտածում եմ տունը տաքացնելու ու ջեռուցելու մասին (ծիծաղում է): Այս վերջին տարիներին մի փոքր դժվարացել է ամեն ինչ:
-Օրինակ` ի՞նչն է դժվարացել:
-Դե, մոտ 4 տարի կլինի, ինչ մեր գործը քչացել է: Բայց դե հույս ունենք, որ առաջիկայում լավ կլինի:
-Ձեր կյանքում, առօրյայում, ինչու չէ, նաեւ Ձեր ոլորտում ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ամեն բան նույնն է մնացել:
-Անկեղծ ասած` ոչինչ չի փոխվել: Ես մշակույթի մարդ եմ, մշակույթի նախարարությունն ինձ ամբողջ կյանքում պետք չի եղել, հիմա նույնպես պետք չէ: Ես ոչ մի անմիջական կապ չունեմ իրենց հետ: Այսքան ժամանակ ո՛չ ես եմ իրենց դիմել որեւէ հարցով, ո՛չ իրենք ինձ: Ինչպես նախկինում է եղել, այնպես էլ հիմա է: Համերգներ են լինում, երգում եմ, լինում են համերգներ, որոնք վճարվում են, բայց մեծ մասը պետական, անվճար հիմունքով եմ երգում: Իհարկե, չեմ կարող ասել, թե ինչու պետական համերգները չեն վճարվում, բայց դե կարեւորը ժողովուրդը ուրախանում է նման համերգներից: Դա է միակ սփոփանքը:
-ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հայտարարության հետ կապված ի՞նչ կասեք: Հարկային դաշտում Ձեզ տեսնո՞ւմ եք: Կմուծե՞ք հարկ:
-Մենք, այնպես, թե այնպես, ամեն համերգից մեր հարկը վճարում ենք: Այսինքն` ստացվում է` մենք հարկեր վճարում ենք: Օրինակ` ես գնում եմ Մոսկվա, մի հարսանիքի համար երգում եմ, գումար վաստակում ու գալիս: Այստեղ ինչպե՞ս հարկ վճարեմ: Ես Մոսկվայում, Եվրոպայում, արտերկրում աշխատում եմ, գումար եմ վաստակում, ու այն հանգամանքը, որ ես գումար եմ բերում մեր երկիր, դա հերիք չէ՞: Այստեղ թող հաշվարկեն, տեսնեն` պետական համերգները քանի հատ են կազմակերպում, թող դրանց գումարից հարկ վճարեն:
-Պետական համերգների վճարները քի՞չ են:
-Այո, միշտ էլ այդպես է եղել, դա նորություն չէ: Թող բարեգործական համերգներն էլ հաշվի առնեն: Եթե ես պետք է երգեմ, ապա ես կորոշեմ` գումարով կգնամ երգելու, թե առանց գումարի: Չնայած դա իրենց որոշելիք է, սակայն ամբողջ աշխարհում է այդպես, եթե բարեգործություն ես կատարում, ապա բոլոր հարկերից ազատվում ես: Կոնկրետ մեր հարկված հարկը ի՞նչ պետք է լինի, ամենաշատը տարեկան 20.000 դրամ, դա էլ կվճարեմ: Ինչքա՞ն գումար եմ աշխատում, որ ինչքան էլ հարկ վճարեմ:
Եթե գործերս լավ լիներ, էսօր չէի մտածի տունս ջեռուցելու մասին, ապահոված մարդ կլինեի, հարկն էլ առանց նեղվելու կվճարեի: Իհարկե, պարտավոր ենք պետության համար հարկ վճարել, բայց իմանաս` ինչքան ես աշխատում եւ ինչքան պետք է մուծես: Այս վերջին տարիներին հարկերը միայն ավելանում են: Ես կոնսերվատորիայում դասավանդում եմ, այս տարի ուսանողների թիվն ավելացել է ու իմ աշխատավարձն էլ դարձել է 40.000 դրամ: Մինչ այդ ես ստացել եմ 17.000 դրամ աշխատավարձ:
-Կոնսերվատորիայի ռեկտորի փոփոխությունը աշխատավարձերի բարձրացման հեռանկար բացում է: Ունե՞ք ակնկալիքներ:
-Ես ընդհանրապես ղեկավար կազմերի հետ` կլինի կոնսերվատորիայի, թե մշակույթի նախարարության ղեկավարների հետ, առանձնապես կապ չունեմ: Իրենք ինձ համար եղել են երկրորդական մարդիկ: Ռեկտորի փոփոխության հետ հույս չեմ կապում, քանի որ դա կապված է պետական փոփոխության հետ: Մենք նոր կառավարության հետ ենք հույսեր կապել, բոլոր կառույցներն անմիջական կապ ունեն հենց ՀՀ կառավարության հետ: Ես գնում եմ դասի զուտ նրա համար, քանի որ իմ ուսանողներն ինձ հավատում եւ վստահում են:
-Թանկացումներ նկատե՞լ եք:
-Ոչ միայն ես, այլ բոլորն են զգում թանկացումը: Նախ սկսենք նրանից, որ առեւտուրն է քչացել: Անհրաժեշտությունից ելնելով` մարդիկ հիմնական հասցնում են գնել սնունդ: Հագուստի եւ այլ պարագաների մասով, կարող եմ ասել, որ առեւտուր անողներն էլ են արդեն դժգոհում, քանի որ առեւտուրը պասիվացել է: Շատ լավ է, որ բանանն էժանացել է, կապ չունի, որ մենք միս ու հաց ուտող ժողովուդն ենք, կարեւորը բանանն էժանացել է (ծիծաղում է): Տա՛ Աստված` լավ լինի: Չգիտեմ` ինչ կլինի, բայց բանանի էժանանալով հաստատ հարց չի լուծվի:
-Դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններն են, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
-Մեր ամբողջ կյանքում ընտրության մասնակցել ենք` հավատալով, բայց արդյունքում հարկերն են ավելացել, ամեն ինչ թանկացել է: Չգիտեմ` ընտրության կմասնակցեմ, թե ոչ: Եղել է, որ անգամ չեմ էլ գնացել ընտրության:
-Ինչո՞ւ, չի՞ հետաքրքրում, թե՞ այլեւս չեք հավատում ոչնչի:
-Հետաքրքրություն չկա, միեւնույնն է, ես գնալու եմ x մարդու ընտրեմ, բայց ընտվի y-ը: Իմաստ չունի իմ ընտրության մասնակցությունը: Ես քաղաքականությունից առանձնապես չեմ հասկանում, խոսում եմ զուտ մարդկային տեսակետից: Բայց նշեմ, որ քանի որ հիմա երկրում ինչ-որ բան է փոխվել, մի քիչ հավատ կա, որ ամեն ինչ վերջացած չէ:
Զրուցեց Նատալյա Պողոսյանը