ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Ոչ միայն մեքենայի վարորդը, այլ նաեւ մեքենան է «դուխով»: Այս պարագայում աշխատում է երկու տարբերակ. վարորդը դեռ հեղափոխության տրամադրության տակ է, «դուխով»-ն էլ պաշտպանում է վերջինիս տեսախցիկների խախտումներն արձանագրելուց: Իսկ իրականում սա ուղղակի օրինախախտում է, որը ենթադրում է պատիժ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք ինքնակամ կառույցի օրինականացման եղանակը, ինչպե՞ս կարելի է օրինականացնել:

Հրայր Ստեփանյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը` անկախ նրանից, թե ով է այն կառուցել:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըuտ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` սոցիալական փաթեթի շահառուն իրավունք ունի՞ փոխելու սոցփաթեթի հաշիվը: Եթե այո, ապա ինչպես, ինչ գործընթաց է ենթադրում դա:

Երանուհի Հարությունյան (34 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:
Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:
Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:




Լրահոս