«ԼՈՒՅՍ» ԴԱՇԻՆՔԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, «ԵԼՔ» դաշինք այլեւս չի լինելու: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ էության, ընտրություններին մասնակցելու է` դաշինք կազմելով «Առաքելություն» կուսակցության հետ: Եվ քանի որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին միասին են մասնակցել, պարզ է, որ հավանականությունը, որ այս ընտրություններին նրանք նույնպես միասին կլինեն, շատ մեծ է: Սակայն, պարզվում է` դրա հետ կապված որեւէ հստակ որոշում դեռ չկա: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսել է «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, շրջանառվող լուրեր կան այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության միջեւ փոքրիկ տարաձայնություն կա: Էդմոն Մարուքյանը Արամ Սարգսյանին առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ իր կուսակցությունով, իսկ Արամ Սարգսյանը կողմ է դաշինքի տարբերակին: Կա՞ նման բան:
-Ես նմանատիպ բամբասանքներ չեմ մեկնաբանելու: Եթե նման բան լինի, դրա մասին պաշտոնապես կհայտարարվի:
-Ընտրություններին «Լույս» դաշինքո՞վ եք մասնակցելու:
-Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ:
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք` կապված ընտրությունների արդյունքների հետ: Ո՞ր ուժը կլինեք ԱԺ-ում:
-Մենք գնում ենք լինելու հստակ երկրորդ ուժը: Ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Հիմա էլ տեսնում ենք, որ ակնհայտորեն ունենք բոլոր շանսերը դրա համար: Կարծում ենք` կկարողանանք լավագույնս լինել այն ուժը, որը, կրելով հեղափոխության արժեքները, կհետեւի, որ իշխանությունը այդ արժեքներից չշեղվի:
-Վերլուծելով ներկայիս իրավիճակը` ի՞նչ եք կարծում, հիմա խորհրդարանում ներկայացված ուժերից որո՞նք կլինեն արդեն ապագա խորհրդարանում:
-Նրանք կլինեն, որոնց կընտրի ժողովուրդը: 40 օր է մնացել: Շուտով ամեն ինչ կիմանանք: Չեմ սիրում կանխատեսումներ անել եւ չեմ էլ պատրաստվում: Մենք հիմա շատ զբաղված ենք մեր աշխատանքներով, իրոք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա, իսկ թե ինչ կլինի հետագայում, թող որոշի ժողովուրդը:
-Հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին: Այդ կուսակցության մասնակցությունը կփոխի՞ որոշ խաղաքարտեր:
-Չեմ կարծում, որ կփոխի: Նրանք նույնպես որպես քաղաքական ուժ իրավունք ունեն մասնակցելու եւ եթե ունեն այդպիսի ընտրազանգված, որ կքվեարկի, ապա իրենք էլ ներկայացված կլինեն ԱԺ-ում: Բայց չմոռանանք, որ նրանք ունեն շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ եւ դեռեւս իրենց կողքին մնացած օլիգարխներ: Օլիգարխների մուտքը խորհրդարան բոլոր դեպքերում պետք է բացառել` անկախ նրանից, թե նրանք որ կուսակցության կողմից կառաջադրվեն: Կարծում եմ` կառավարությունը եւ իշխանությունները այդ մասով անելիքներ ունեն:
-«Լուսավոր Հայաստան»-ի անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ դուրս է գալիս կուսակցությունից: Ինչի՞ հետ էր սա կապված:
-Պարոն Կոնջորյանը կարծես ամեն բան գրել է: Ավելացնելու որեւէ բան չունեմ: Նրան մաղթում եմ բարի ճանապարհ եւ հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
-Պարոն Կոնջորյանը նշել է, որ իր որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իր ունեցած մոտեցումների տարբերությամբ: Դա եղել է մի՞նչ հեղափոխությունը, թե՞ հեղափոխությունից հետո են երեւացել այդ տարբերությունները:
-Պարոն Կոնջորյանը մեզ իր մտադրության մասին հայտնել է իր գրառումը անելուց ընդամենը մեկ օր առաջ: Մինչեւ այդ ինչ մտորումներ եւ հոգեկան ապրումներ է ունեցել, այդ մասին ինքը արդեն ասել է: Կարիք չկա ես անդրադառնամ այդ հարցին:
-Մինչեւ դա չէի՞ք նկատել, որ կուսակցության եւ իր գաղափարախոսությունների միջեւ որոշակի անհամապատասխանություններ կան:
-Նա կուսակցության հիմնադիրներից մեկն է: Մենք բոլոր որոշումները կայացրել ենք միասին: Միասին անքուն գիշերներ ենք անցկացրել շատ հարցերի մասին քննարկումներ ունենալու արդյունքում: Մենք միասին ենք կրում մեր անցած ուղու ամբողջ բեռն ու պատասխանատվությունը: Եթե այս փուլում նա նպատակահարմար է գտել իր քաղաքական ուղին շարունակել այլ ճանապարհով, դա իր որոշումն է. նա հասուն մարդ է եւ հասուն քաղաքական գործիչ: Այս պահին բացի բարի ճանապարհից նրան ոչինչ ասել չեմ կարող:
-Մտավախություն չկա՞, որ էլի անդամներ կլինեն, որոնք կլքեն կուսակցությունը, եւ ինչպես պարոն Կոնջորյանն է գրել, իրենց պայքարը կշարունակեն հեղափոխության թիմի հետ:
-Բնավ մենք նման մտավախություն չունենք: Հակառակը, հենց հիմա կա շատ լուրջ հոսք դեպի կուսակցություն: Շատ-շատ են մեզ միացող մարդիկ: Վերջին մի ամսվա մեջ 1000-ից ավելի մարդ է մեզ միացել: Այդ պրոցեսը շարունակվում է, եւ մեր կուսակցությունը շարունակում է հզորանալ: Ինչպես պարոն Մարուքյանն ասաց, մարդկանց վրա դռներ չենք փակելու, որ նրանք չգնան: Մենք ազատական կուսակցություն ենք: Մարդիկ ազատ են կատարել իրենց որոշումը:

 

 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՓՈԽԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական իրադարձությունների մասին զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

-Տիկի՛ն Աճեմյան, տեղեկացանք, որ դուք եւ ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպում եք ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ: Ի՞նչ եք իրեն ասել եւ ի՞նչ մեսիջներ եք ստացել իրենից:
-Մենք ներկայացրել ենք այն իրավիճակը, որը կա Հայաստանում, եւ բոլոր այն պատճառները, որոնց հիման վրա մեր քաղաքական ուժը քվեարկեց նման ձեւով: Խոսել ենք մեր բոլոր մտահոգությունների մասին, իրավիճակը ներկայացրել ենք օբյեկտիվորեն: Իհարկե, նա հայտնեց իր դիրքորոշումը` ասելով, որ ինքը մշտապես եղել է եւ մնում է Հայաստանի ընկերը: Հայտնեցի իմ մտահոգությունները` կապված նոր օրենսգրքի հետ, կապված այն բանի հետ, թե ինչ մարտահրավերներ մենք կարող ենք ունենալ: Շատ կարեւոր հանդիպում էր:
-Այդ հանդիպման ժամանակ հնչած մեսիջները կարո՞ղ են իրենց օգտակարությունը ունենալ սպասվելիք խորհրդարանական ընտրություններին:
-Ամենակարեւոր մեսիջն այն էր, որ իրենք կողմ են ժողովրդավարությանը, կողմ են ժողովրդավարական արժեքներին եւ կոնսենսուսին: Որեւէ փաստաթուղթ չի կարելի ընդունել առանց կոնսենսուսի: Ես միշտ ասել եմ, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները տեղերում շատ լուրջ աշխատում են, մշտապես կապ ունեն բնակչության հետ, եւ այդ կապը չի կարելի կտրել: Այսինքն` եթե դու միանգամից անցնում ես համամասնականի, սա լուրջ մշակույթ է. պատգամավորները պետք է ամբողջովին պատրաստ լինեն: Պատգամավորներին դրանից կտրելը լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար:
-Երբ հայտնի դարձավ, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀԿ-ում, այսպես ասած, երկու կարծիք կա` մասնակցել-չմասնակցելու հետ կապված: Այնուամենայնիվ, հաղթեց մասնակցելու տարբերակը: Ի՞նչ ռեսուրսով է ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին այս պայմաններում:
-Քաղաքական գործիչների բավականին մեծ ռեսուրսով: Նաեւ այն ռեսուրսով ու պահանջով, որը կա հասարակությունում: Ես այն պատգամավորներից եմ, ով մշտապես հանդիպում է մարդկանց հետ եւ տեսնում է այդ պահանջը: Մարդիկ, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին, կողմ են միայն Հանրապետականին, որովհետեւ այսօր որպես ընդդիմություն հանդես է գալիս մեր քաղաքական ուժը:
-ՀՀԿ-ն ավելի շահեկան պայմաններում կլինի՞ գործող ԸՕ-ի դեպքում:
-Քվեարկելու ժամանակ հիմնական սկզբունքը դա չի եղել, թե որն է ավելի շահեկան: Պարզապես չի կարելի փոխել խաղի պայմանները ընտրություններից մեկ ամիս առաջ: Այդ ԸՕ-ն ոչ մեկին հարմար չէ, որովհետեւ այնպիսի խնդիրների առաջ կարող ես կանգնել, որ չէիր էլ կարող ենթադրել: Վարկանիշային ընտրակարգը հարմար է բնակչության հետ շփվելու-աշխատելու առումով: Այն մարդը, ով կոնկրետ ընտրատարածքից է ընտրվում, նա շատ մեծ պատասխանատվություն է կրում այդ տարածքի համար:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ
ԱԺ նախկին պատգամավոր, «Վեդի Ալկո» ՍՊԸ հիմնադիր Մանվել Ղազարյանը հայտնվել է տհաճ պատմության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ղազարյանի հարազատները խաբել ու տիրացել են նրա գույքին: Այսպիսով, 1998թ. Մանվել Ղազարյանը 2500 ԱՄՆ դոլար գումարով Անդրանիկ Ղարիբյանից գնել է բնակարան, սակայն նրանց միջեւ առուվաճառքի գրավոր պայմանագիր չի կնքվել, եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում նշված բնակարանը մնացել է հաշվառված Անդրանիկ Ղարիբյանի անվամբ: Այդ ընթացքում Մ.Ղազարյանը նշված բնակարանը ժամանակավոր բնակության համար պարբերաբար տրամադրել է իր հորեղբորը` Հրանտ Ղազարյանին: Եւ ահա մի օր Հրանտ Ղազարյանը առանց իր երբոր որդուն տեղյակ պահելու Անդրանիկ Ղարիբյանին համոզել էր նշված բնակարանը գրանցել իր անունով, եւ այդ գործարքը կայացել է, որի արդյունքում Մանվել Ղազարյանից հափշտակվել է հենց իրեն փաստացի պատկանող գույքը:

 

 

ԿՈՆՅԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում գինի եւ կոնյակ արտադրողները հայտնվել են դժվարության մեջ. կոնյակի արտադրության ոլորտը խստացվել է կեղծ կոնյակ չարտադրելու նպատակով: Պաշտոնապես կոնյակի, գինու արտադրության ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ զգալի նվազել են` 4.6 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին արտադրվել է 20 մլն 164 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 21 մլն 134 հազար լիտրի դիմաց: Ըստ մասնագետների` կոնյակի եւ գինու արտադրության ծավալները դեռ շարունակելու են նվազել: Նրանց խոսքերով` անկումը պայմանավորված է քաղաքական իրողություններով: Սրա արդյունքում կբարձրանա արտադրանքի ինքնարժեքը, հետեւաբար վաճառքի գները: Ի դեպ, նշենք, որ կոնյակ տարվա ընթացքում մեկ անգամ է արտադրվում, իսկ արտահանումն իրականացվում է հիմնականում աշնան այս ամիսներին:

 

 

ԸՆԴԴԵՄ ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԸ-Ի
ՕԵԿ Նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ շարունակվում են դատական հայցեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ից պահանջում է 25 միլիոն դրամ: Նշենք, որ սա նմանօրինակ միակ գործը չէ. 2017 թվականին գրել էինք, որ «Միկմետալ» ընկերությունն է «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց ներկայացրել` պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը մոտ 2.5 մլն դրամի չափով գումար է պարտք «Միկմետալ»-ին:




Լրահոս