Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 29-ին մեկնարկել է Էդուարդ Գարուշի Սահակյանի դատավարությունը: Նա մեկ այլ քրեական գործով ազատազրկված է եւ այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Է. Սահակյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2016թ. սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի քոթեջների հարակից տարածքից ապօրինի ապամոնտաժել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող զգալի չափերի` 390 հազար դրամ արժողությամբ, 720 մմ տրամագծով 30 գծամետր խողովակներ: Է. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով («Գողությունը»):
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՈՒՆՈՎ
Ախալքալաքի Սակրեբուլոն քաղաքի Մալխասյան փողոցը վերանվանվել է Շառլ Ազնավուրի անվամբ, եւ Աղմաշենեբելի խաչմերուկի հարեւանությամբ գտնվող պուրակը եւս անվանակոչվել է աշխարհահռչակ երգչի անունով: Բնակիչները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որպեսզի քաղաքի փողոցներից մեկը վերանվանվի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անունով: Նշենք, որ հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը:
ՀԱՍՏԱՏԵԼ Է
Կառավարությունը հաստատել է Երեւանի տարածքում 250 ՄՎՏ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու եւ պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով այս ծրագրի իրագործմամբ նախատեսվում է ստեղծել 1200 աշխատատեղ:
ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն անդրադարձ է կատարել Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները. «Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի եւ պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները եւ դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երեւույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է` անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրեւ մարդկային բնության խեղում: Խստորեն մերժելի են եւ դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը եւ համասեռամոլության երեւույթի որեւէ հանրայնացում ու դրա գովազդում»: