ՀՔԾ-ՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՆՈՒՆՆ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Այս դեպքից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ առաջիկայւմ ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, սակայն իրավապահները դեռեւս սպասում են կոնկրետ փաստաթղթի, որից հետո միայն ԱԺ պատգամավորին կկալանավորեն:

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում կաշառքի գործով ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը եւս հնչել է:

Կինո առաջին
Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Մեղադրանք առաջադրելուց հետո պարզ դարձավ, որ Մայրապետյանի դեմ ցուցմունք էր տվել գործարար Սիլվա Համբարձումյանը. «Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել: Հարցաքննությունը եղել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել, հարցաքննում: Մարտի 1-ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ: Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,- հայտարարել էր գործարարը: Ավելին, Համբարձումյանը նշել էր, թե այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար եւ այս գործի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ: Բայց լուրեր են շրջանառվում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր կամ փոխանցել է Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանն այդ գումարը պետք է փոխանցեր կամ փոխանցել է Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին Սամվել Մայրապետյանի կալանավորման գործով այլ ուշագրավ մանրամասներ էլ էին հայտնի դարձել: Մասնավորապես, գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ մարտի 1-ի օրերին ինքը փոխանցում է արել Սամվել Մայրապետյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա այդ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով եւ իրավապահներին է ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը, ինչի արդյունքում էլ Մայրապետյանին կալանավորել են:
Կինո երկրորդ
Այս կալանավորումից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու. «ԱԺ պատգամավորի վրա կա գործ, 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ…,- ասել է նա` հավելելով,- սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:
Փաշինյանը չէր մանրամասնել, թե ով է այդ պատգամավորը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կան կասկածներ` խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ: Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին` թավշյա հեղափոխությունից հետո, ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել, ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար եւ գործով կրկին վերսկսել են քննությունը»: Այսինքն` կասեցման որոշումը հանել են, եւ այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Ասել է թե` Դուբայից գործարարին ուղարկել են փոխանցված գումարի փաստաթղթային ապացույցի պատճենը, ուստի իրավապահները ներկայումս սպասում են բնօրինակին:
Կինո երրորդ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գործարար Սիլվա Համբարձումյանը իրավապահներին կաշառքի գործով բացի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի, գործարար Սամվել Մայրապետյանի անունները տալուց, այլ հայտնի մարդու անուն է տվել: Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս Վարդան Օսկանյանի անունը տալուց հետո այս օրերին փաստաթղթեր է հավաքագրում, որպեսզի ներկայացնի նախաքննական մարմին, թե իբր կաշառք է տվել Վարդան Օսկանյանին: Ըստ էության, նախաքննական մարմինը նրա ցուցմունքի հիման վրա կոնկրետ գործողություններ է սկսել եւ գործարարի ներկայացրած փաստաթղթերի բնօրինակի մասով հարցումներ ուղարկել համապատասխան մարմիններին:
Ինչ կպարզի նախաքննական մարմինը` ժամանակը ցույց կտա, սակայն ուշագրավն այն է, որ պատմությունն այս ամենով չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Վարդան Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, ըստ էության, գործնական հանդիպումերի, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը` ներկայացնելով իրավիճակը եւ բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակներում նրա անունը արծարծվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇՓՈԹՎԱԾ ԵՆ
Երեկ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այդ գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավվեցին քրգործում, եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Այս որոշումը կայացրել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը` բավարարելով Հատուկ քննչական ծառայության նախաքննական միջնորդությունը:
Սակայն մինչ Աննա Դանիբեկյանի որոշում կայացնելը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավորների շրջանում, խառնաշփոթ է եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Վահագն Հարությունյանին կալանավորեն, միջնորդությունն ի սկզբանե պետք է քններ դատավոր Ռոբերտ Պապոյանը, սակայն նա ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ չի կարող քննել այդ միջնորդությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս բացատրել է, որ Վահագն Հարությունյանն իր մտերիմ ընկերն է, համակուրսեցին, եւ ինքը չի կարող քննել ընկերոջ կալանավորման հարցը:
Եւ այդպես դատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից: Մեկը պատճառաբանել է, որ ընկերն է, մյուսը՝ բարեկամը, երրորդը՝ ծանոթը եւ այդպես շարունակ: Արդյունքում գտնվել է միայն մեկ դատավոր, որը եղել է Աննա Դանիբեկյանը, եւ ասել է` ծանոթ չէ Վահագն Հարությունյանին, խնդիր չունի եւ կարող է հանգիստ քննել նրա գործը: Ահա այսպես տիկին դատավորը քննեց, եւ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հայտարարված ե՛ւ հետախուզումն է ապօրինի, ե՛ւ առաջադրված մեղադրանքն է շինծու: Իսկ ՀՔԾ-ն էլ պնդում է, որ բավարար ապացույցներ են եղել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԸՀ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է
ԿԸՀ-ն միաձայն հաստատել է Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ` կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի` տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը պետք է սահմանվի ընտրությունները նշանակելուց հետո` տասն օրվա ընթացքում: Կուսակցությունների կամ դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, այսինքն` ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչեւ նոյեմբերի 14-ը` ժամը 18:00-ն: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչեւ նոյեմբերի 19-ը` ժամը 18:00-ն: Նշենք, որ նախընտրական քարոզարշավը կտեւի 12 օր` նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը:

 

 

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի փոխանցմամբ` գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որեւէ կերպ կարգավորված չէ, եւ հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից: «Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է ՀԱԽ կողմից, ԱԳՆԽ ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,- ասել է Ա. Նաղդալյանը:

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը շեշտել է, որ ներդրողները բառացի չեն ասում, բայց ակնհայտ է, որ սպասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Հարցին, թե հարուցված քրեական գործերը, որոնց ծավալը 200 մլն դոլար է կազմում, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասել էր, կարող են ներդրողների մոտ զգուշավորություն ի հայտ բերել, Խաչատրյանը պատասխանել է, որ սա պետք է բաժանել երկու մասի` նրանք, ովքեր խնդիր ունեն օրենքի հետ, պիտի պարզաբանում տան, եթե մեղավոր են, պատասխանատվության ենթարկվեն, երկրրոդ` ներդրումային որոշումները կայացվում են այն միջավայրում, որտեղ կանխատեսելիություն կա:




Լրահոս