Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Իսկ հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:
Իհարկե, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության եւ մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում: Իսկ Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա 9 ամիսներին մահացել է 10 հազար 726 մարդ: Պատճառն այն է, որ բնակչության գերակշիռ մասի համար, որը հաց վաստակելու խնդիր ունի, անհասանելի է բժշկական ծառայությունը, հիվանդության վաղ հայտնաբերումը, համապատասխան բուժօգնությունը: Էլ չենք խոսում վիրահատական միջամտության մասին: Մեր հանրապետությունում սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ: Դրա հետեւանքով բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար:
Ըստ մասնագետների` Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը: Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը: Սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ: Դրանք են` ծխախոտի ամենօրյա օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, քաշի ավելցուկը, բարձր զարկերակային ճնշումը: Մեր երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 200 սուր ինֆարկտի դեպք:
Տարեկան 4000 մարդ ենթարկվում է սրտի ստենտավորման: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից մահացել է 3869 մարդ: Մասնագետները պնդում են, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Այստեղ առողջապահության նախարարությունը մի կարեւորագույն խնդիր ունի. այս երկու հիվանդությունների ուղղությամբ պետք է քննարկի կանխարգելման ծրագրեր, կառավարության կողմից դրանք ընդունվեն եւ անընդհատ իրագործվեն ու վերահսկվեն:
Իսկ ինչո՞վ է զբաղված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. առայժմ իր ընկերներին է պաշտոնների նշանակում: Այս ամենի արդյունքում նկատենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 10 հազար 400-ով է պակասել: Մյուս կողմից` արտագաղթածների թիվը կազմել է 42 հազար 182 մարդ: Հիմնականում մարդիկ հեռացել են Բագրատաշենի ու «Զվարթնոց»-ի անցակետերով: Մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 1173-ով պակասել է: Ասել է թե` քիչ ծնվում են, երիտասարդ մահանում եւ արտագաղթում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ