ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ՞ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով, ինչպես հայտնի է, օրերս հերթական աղմկահարույց բացահայտումը եղավ: ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու համար: Ու քանի որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՔԾ ղեկավարը Անդրանիկ Միրզոյանն էր, կեղծված ապացույցներով գործն էլ քննվել է նրա ղեկավարած կառույցում, «Ժողովուրդ» օրաթերթը Միրզոյանին հարցրել է՝ ի՞նքն է արդյոք հրահանգել այդ քայլին դիմել, թե՞ ուրիշ մարդ: «Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի եւ ինչ որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականությանը, ավելի լավ է` այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին: Ես այլ բան կարող եմ ասել. երբ 2007 թվականին հիմնադրվել էր ՀՔԾ-ն, այն տեղադրված էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում ու դա ընկալվում էր դատախազության կցորդ: Աշխատասենյակներ չկային, համազգեստ, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր գրել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց, եւ այդպես դարձա բոլորի թշնամին: 2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի եւ դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները»: Միաժամանակ Միրզոյանն ասել է, թե մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն իրեն գործողությունների մասին չի զեկուցել, ինքը որեւէ հրահանգներ չի տվել: Այլ կերպ ասած` ՀՔԾ նախկին պետը, ըստ էության, մեկուսացվել է այս գործի նախաքննությունից: Ու եթե հիշենք, թե այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ինչպիսի ակտիվություն էր ցուցաբերում, դժվար չէ կարծիք կազմել, որ այս գործը քննվել է հենց նրա անմիջական հսկողության տակ:

 

 

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը ճշգրտել է ընտրացուցակները, եւ պատկերը խոսուն է: Նախորդ տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկվածների համեմատ այժմ թիվը նվազել է 13 հազար 552-ով: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ: Այս տարվա տվյալների համաձայն` ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ: Սա, թերեւս, անուղղակի ապացույցն է այն բանի, որ նախկին իշխանությունների օրոք ընտրացուցակներն առավել քան ուռճացված են եղել: Ու երբ իշխանություններն իրապես ձեռնամուխ եղան ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն, միանգամայն այլ պատկերի ականատես եղանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ամենաշատը ընտրողների թիվը նվազել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում՝ 10 հազար 764-ով, այն ընտրատարածքներում, որտեղից նախկին իշխանությունները «որքան ուզում, այնքան խփում էին»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չնայած ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ ունի, սակայն քննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել, նրանցից իրենց գործողությունների պլանները գաղտնի պահել: Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազությանն իրավապահ մյուս կառույցները չեն վստահում, մանավանդ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ պաշտոնում նշանակվել է նախկին իշխանությունների օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից, սակայն, հերքեցին այդ լուրերը. «Նման տեղեկությունների տարածումը դատախազության եւ նախաքննական մարմինների միջեւ անվստահություն սերմանելու կամ առնվազն հանրության մոտ նման իրավիճակի առկայության պատրանք ստեղծելու շարքից է: Նման բան չի կարող լինել»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները դեռ երկար ժամանակ չեն նվազելու: Ընդհակառակը, հնարավոր է ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով` նաեւ գները: Միայն Երեւանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ: Մինչդեռ մարզերում հակառակ պատկերն է. անշարժ գույքի գները նվազել են: Մասնագետները համոզված են, որ մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները եւ բնակություն հաստատում կա՛մ Երեւանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան:

 

 

ԱՆՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Հայաստանը հայտնվել է բավական անհարմար իրավիճակում: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որ վերջերս այցելել էր մեր տարածաշրջան, հայտարարել է, թե չեն բավարարվելու միայն վերականգնելով նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ՝ 2015-ին գոյություն ունեցող պատժամիջոցների մակարդակը, այլ պատրաստվում են ավելի խստացնել դրանք: Պատժամիջոցների թիրախում Իրանի նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իսկ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ բացառությունը վերաբերում է 8 երկրների՝ Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թուրքիա եւ Թայվան:
Բնականաբար, այս հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ ՌԴ-ում: Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: ITAR-TASS գործակալության տվյալներով` օրակարգային հիմնական թեմաները եղել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջիկա գագաթնաժողովը եւ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը: «Խորհրդակցության մասնակիցները ընդգծել են այդ պատժամիջոցների անօրինական բնույթը», – փոխանցել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի նաեւ ՀԱՊԿ նոյեմբերի 7-8 գագաթնաժողովին: Այս առումով, թերեւս, ամենաանհարմար իրավիճակում ՀՀ-ն է, որ պետք է իր դիրքորոշումը ներկայացնի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Սա բավական դժվար իրավիճակ է` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը: Իրանը Հայաստանի սահմանակից պետություններից է, ընդ որում` ՀՀ-ն չորս հարեւաններից միայն երկուսի՝ Իրանի եւ Վրաստանի հետ ունի բարիդրացիական լուրջ հարաբերություններ: Քանի որ ենթադրվում է՝ ՌԴ-ն սատարելու է Իրանին, հեշտ է այս հարցում պաշտոնական Մոսկվայի հետ ընդհանուր լեզու գտնելը: Մյուս կողմից` հայ-ամերիկյան հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո առավել քան լավ իրավիճակում են: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն, որ նախորդ տարիներին նվազեցրել էր ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, նախատեսել է 2019թ. բյուջեում այդ գումարներն ավելացնել՝ կապված հայաստանյան ներքաղաքական փոփոխությունների հետ: Այնպես որ, այստեղ իսկապես պետք է հավասարակշռված մոտեցում: Երեկ ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ԱԺ-ում անդրադարձել է այդ հարցին` նշելով. «Փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին»:




Լրահոս