ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԵՇՏԱԿԻ ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախապատրաստվել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ հաստատել է առաջիկայում սպասվող միջոցառումների ցանկը: Ըստ այդմ, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին եւ կավարտվի դեկտեմբերի 7-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ներկայացրել է նաեւ Ընտրողների ընդհանուր թիվը եւ դրանց ներկայացվածությունը ըստ ընտրատարածքների: Եվ այս առումով համեմատելով ընդամենը նախորդ տարի տեղի ունեցած հերթական ընտրությունների հետ` հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում:

Նախ նշենք, որ 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ: Այս տարվա տվյալների համաձայն` ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ: Այսինքն` նախորդ տարվա համեմատ` ընտրողների թիվը նվազել է 13 հազար 552 ընտրողով: Սա, թերեւս, պատահական չէ. ի վերջո, իշխանություններն իրապես ձեռնամուխ են եղել ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն:
Դեռեւս Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ Ոստիկանության կողմից իրականացվել էր ընտրողների ցուցակների մաքրման գործընթաց եւ արձանագրվել էին բազմաթիվ անճշտություններ: Այս անգամ եւս նման աշխատանքներ կատարվել են, եւ փաստացի ունեցել ենք ընտրողների թվաքանակի նվազում: Հետաքրքիր է, թե որ ընտրատարածքում ինչ փոփոխություններ են եղել:
Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, առկա է 200 հազար 112 ընտրող: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 200 հազար 217 ընտրող, որից ընտրություններին մասնակցել էր 60.69 տոկոսը` 121.516 մարդ: Փաստացի այս ընտրատարածքում ընտրողների թիվը նվազել է 105-ով:
Թիվ 2 ընտրատարածքում, որն ընգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, 2017 թվականին ընտրողների թիվը կազմել է 212 հազար 523 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 59.51 տոկոսը` 126.471 մարդ: Իսկ ահա այս տարի ընտրողների թիվը կազմում է 213 հազար 628 մարդ: Ստացվում է` ընտրողների թիվն այս ընտրատարածքում ավելացել է 1105 ընտրողով:
Թիվ 3 ընտրատարածքն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները եւ այստեղ եւս ընտրողների թվաքանակի աճ ունենք: Մասնավորապես, 2017 թվականին այդ թիվը կազմել է 224 հազար 322 մարդ, իսկ այս տարի կազմում է 225 հազար 223 մարդ: Ստացվում է` այս ընտրատարածքում ընտրողների թիվն ավելացել է 901-ով:
Թիվ 4 ընտրատարածքում եւս ընտրողների թվաքանակի աճ ունենք: Նախ նշենք, որ այս ընտրատարածքն ընդգրկում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները, եւ 2017 թվականին ընտրողների թիվը կազմում էր 208 հազար 742 մարդ, իսկ այս տարի կազմում է 209 հազար 35 մարդ: Այս ընտրատարածքում ընտրողների թիվն ավելացել է 293-ով:
Թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) եւս ընտրողների թվաքանակի աճ ունենք: Նախորդ տարվա համեմատ` այն ավելացել է 150 ընտրողով: 2017 թվականին այդ թիվը կազմում էր 221.505, իսկ այս տարի` 221 հազար 655 ընտրող:
Թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) եւս ունենք ընտրողների ցուցանիշի աճ: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 232.010 ընտրող, իսկ այս տարի կազմում է 233 հազար 632 ընտրող: Այսինքն` նրանց թիվն ավելացել է 1622 ընտրողով:
Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկում է Արագածոտնի մարզը, եւ այստեղ ընտրողների թիվն ավելացել է 720-ով: 2017 թվականին այդ թիվը կազմում էր 116 հազար 814 ընտրող, իսկ այս տարի կազմում է 117 հազար 534 ընտրող:
Իսկ ահա թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզում ընտրողների թվի նվազում ունենք: Այստեղ 2017 թվականի համեմատ ընտրողների թիվը նվազել է 3626 մարդով: Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 191 հազար 671 ընտրող, իսկ այս տարի` 188 հազար 45 ընտրող:
Լոռու մարզում, որը թիվ 9 ընտրատարածքն է, կրկին ընտրողների թվի նվազում է առկա: 2017 թվականին առկա է եղել 238 հազար 421 ընտրող, իսկ այս տարի այդ թիվը կազմում է 237 837 ընտրող: Ստացվում է` այս ընտրատարածքում նրանց թիվը նվազել է 584-ով:
Կոտայքի մարզում ընտրողների թվի աճ է առկա: Թիվ 10 ընտրատարածքն ընդգրկող մարզը 2017 թվականին ունեցել է 238 421 ընտրող, իսկ այս տարի ունի 239 847 ընտրող եւ ըստ այդմ` ընտրողների թիվն ավելացել է 1426 ընտրողով:
Թիվ 11 ընտրատարածքում (Շիրակի մարզ) առկա է ընտրողների թվի նվազում: 2018 թվականին այստեղ առկա է 229 հազար 542 ընտրող 2017 թվականի 230 հազար 701 ընտրողի փոխարեն: Ըստ այդմ` նրանց թիվը նվազել է 1159 ընտրողով:
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում կրկին ընտրողները նվազել են: Թիվ 12 ընտրատարածքում 151 հազար 687 ընտրող է առկա 2017 թվականի 162 հազար 451 ընտրողի փոխարեն: Այսինքն` ընտրողների թիվը նվազել է 10 հազար 764-ով:
Եվ վերջին` Տավուշի մարզում կրկին ընտրողների թվի նվազում ունենք: Այս տարի նրանց թիվը կազմում է 107 հազար 139 ընտրող, իսկ 2017 թվականին եղել է 110 հազար 36 ընտրող: Այս ընտրատարածքում ընտրողների թիվը նվազել է 2897-ով:
Ստացվում է` ամենաշատը ընտրողների թիվը նվազել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում, այն ընտրատարածքներում, որտեղից նախկին իշխանությունները «որքան ուզում, այնքան խփում էին»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱԺ-Ի ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
Չնայած վեցերորդ գումարման խորհրդարանն արդեն լուծարվել է իրավունքի ուժով, սակայն առաջիկա երեքշաբթի` նոյեմբերի 13-ին, մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ նախատեսվում է մի շարք կարեւոր հարցերի քննարկում, այդ թվում` 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն այս օրերին քննարկվում է համատեղ հանձնաժողովների նիստերում: Իսկ այսօրվանից էլ սկսվելու են մշտական հանձնաժողովների նիստեր, որի ժամանակ կրկին քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք կընդգրկվեն հերթական նիստերի օրակարգերում: Եվ, թերեւս, սա կլինի վերջին քառօրյան, եթե քվորում ապահովվի, քանի որ հաջորդ նիստերի անցկացման ժամանակացույցը լինում է դեկտեմբերի 4-ը, իսկ այդ օրերին ուժերը զբաղված են լինելու նախընտրական քարոզարշավով եւ ժամանակ չեն հատկացնի արդեն իսկ լուծարված խորհրդարանի նիստերին մասնակցելու համար: Թերեւս, չի բացառվում անգամ, որ նոյեմբերի 13-ին գումարվող նիստերն էլ քվորման բացակայության պատճառով հարցականի տակ դրվեն:

 

 

ՀԱՐՈՒՍՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԸ
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, պարզվում է` այնքան էլ աղքատ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հայտարարագրել է երկու բնակարան, «Audi Q5» եւ «Audi Q7 3.0 L» մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը 4 ընկերությունում բաժնետոմսեր ունի 91 հազար 725 դոլարի եւ 795 հազար 870 ռուսական ռուբլու չափով, եւ 13 հազար 222 դոլարի չափով պարտատոմսեր: Քամալյանի դրամական միջոցները կազմում են 145 հազար եվրո, 393 հազար դոլար, 1100 ֆունտ ստեռլինգ, 24 հազար 500 շվեյցարական ֆրանկ եւ 200 հազար ռուբլի: Որպես եկամուտ փոխնախարարը հայտարարագրել է սեփական աշխատավարձը` երկու աշխատանքի վայրից ստացած: Ի դեպ, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ այն կազմել է ընդհանուր 365 հազար ռուբլի:

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՔՊ-ական այն նախարարները եւ պաշտոնյաները, ովքեր պատրաստվում են որպես թեկնածու առաջադրվել վարկանիշային ընտրակարգով, մեկնելու են արձակուրդ եւ վերադառնալու միայն դեկտեմբերի 10-ին` ընտրությունների ավարտից հետո: Ըստ մեր տեղեկությունների` այդպիսի արձակուրդի իրավունք արդեն իսկ տրվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին: Մասնավորապես, նա նոյեմբերի 6-9-ը գտնվելու է չվճարվող արձակուրդում, իսկ արդեն նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 7-ը կլինի ամենամյա տրամադրվող նվազագույն արձակուրդում: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին եւ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, որոնք արդեն իսկ հայտարարել են ռեյտինգայինով առաջադրվելու մասին, նրանք դեռ արձակուրդ չեն մեկնել, թեեւ ժամանակ դեռ ունեն, որպես թեկնածու գրանցվելուց հետո արդեն կարող են այդ քայլին դիմել:

 

 

ՉԻ ԽԱՌՆՎԻ
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին: Նա վարչապետի հետ պայմանավորվածություն ունի քաղաքական գործընթացներին չմասնակցելու վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն, պաշտպանության նախարարի` որեւէ կուսակցության մեջ ներգրավելը, քարոզարշավին մասնակցելը, իմ անձնական կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ»,-շեշտել է նա` հավելելով, որ զինծառայողները մասնակցելու են ընտրություններին արդեն հայտնի մեխանիզմով:

 

 

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը խոսել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին: «Ուշադրությամբ հետեւում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին եւ մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը եւ մտահոգությունները»,-ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ: Վերջինիս փոխանցմամբ` այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետեւանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԱՌԱՋԱՐԿԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: Ըստ Ցոլակյանի` առաջարկություն է եղել, ինքն էլ համաձայնել է: «Ես ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, դրանք չի եղել, բայց ես իմ վերաբերմունքն արտահայտել եմ ընտրությունների ժամանակ: Դրանից հետո ես ասել եմ, հայտարարել եմ, որ ամեն ձեւով ես պատրաստ եմ օգնելու, աջակցելու, հիմա եկել է աջակցելու պահը, եւ ես ցանկանում եմ աջակցել այս ձեւով»,-ասել է նախարարի պաշտոնակատարը: Ցոլակյանի խոսքով` ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շիրակի մարզում: Նա նշել է, որ կուսակցական չի եղել եւ չի լինելու:

 

 

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Գործարար Խաչատուր Սուքիասյանը համամիտ չէ, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար պայմանների ստեղծումը եւ մենաշնորհների վերացումը տնտեսական քաղաքականության արդյունք է: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ցանկանում է լինել քաղաքականության մեջ` պատասխանել է. «Ես ցանկություն չունեմ հայտնվել ԱԺ-ում, ես ցանկություն չունեմ լինել գործադիրում: Ես բավականին ժամանակ մտածել եմ, որ իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, իմ համար շատ ընդունելի է»,-ասել է նա: Հարցին` Ծառուկյանին աջակցո՞ւմ է, Խ. Սուքիասյանը բացասական պատասխան է տվել.«Ես չեմ խառնվում պարոն Ծառուկյանի կուսակցական գործերին: Նա իմ ընկերն է, բայց ես ոչ մի խորհուրդ չեմ տալիս»:




Լրահոս