ՀԻՆ ԴԵՄՔԵՐՈՎ` ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքին քննարկումները շարունակվում են: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշեց, թե միանշանակ ինքն է գլխավորելու կուսակցության ցուցակը, սակայն վարկանիշային ընտրակարգով չի առաջադրվի: Դրա փոխարեն Ծառուկյանի խոսքով` ցուցակում լինելու են նոր դեմքեր: Սակայն, ամեն դեպքում, որքան էլ ԲՀԿ-ն ցանկանա նոր դեմքերով հանդես գալ ընտրություններում, լինելու են այնպիսի անձիք, ովքեր ներկայումս գործող պատգամավորներ են եւ մշտապես եղել են ԲՀԿ-ի ցուցակում:

2017 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը ստացել էր 428 հազար 836 ձայն: Ներկայացնենք, թե որ ընտրատարածքում որքան ձայն էին ստացել «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները եւ նրանցից ովքեր կառաջարկվեն այս անգամ:
Օրինակ թիվ 1 ընտրատարածքում (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն) «Ծառուկյան» խմբակցությունը ստացել էր 22 հազար 646 ձայն: Այստեղ ԲՀԿ-ն առանցքային թեկնածու չի ունեցել, եւ առաջին տեղը զբաղեցրած Արտյոմ Ծառուկյանը ստացել էր 5104 ձայն, սակայն խորհրդարանում չէր հայտնվել: Իսկ խորհրդարան անցած Գեւորգ Պետրոսյանը ստացել էր 1120 ձայն: Այստեղ ԲՀԿ-ն կրկին կարող է խնդիրների հանդիպել հատկապես թավշյա հեղափոխությունից հետո:
Թիվ 2 ընտրատարածքում եւս իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ: Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում այս դաշինքը ստացել էր 29 հազար 32 ձայն: Սակայն այս ընտրատարածքում ամենից շատ` 8728 ձայն ստացել էր Վահան Կարապետյանը, սակայն ներկայումս միանշանակ որոշված չէ` նա կմասնակցի ընտրություններին, թե ոչ: Այստեղ Տիգրան Ուրիխանյանը ստացել էր 3779 ձայն, ով, սակայն, այս անգամ ընտրություններին կմասնակցի «Ալյանս» կուսակցությունով կամ որեւէ այլ դաշինքով:
Թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ) «Ծառուկյան» խմբակցությունը ստացել էր 25 հազար 199 ձայն: Այս ընտրատարածքում մեծ թվով ձայները ստացել էր Հարություն Ղարագյոզյանը, ով Կարո Կարապետյանի հետ հայտնի միջադեպից հետո ինքնասպան էր եղել: Նրանից հետո հաջորդ առավել ձայները ստացել էր Հակոբ Նազարյանը` 3569 ձայն: Նա այս անգամ եւս կլինի նախընտրական ցուցակում եւ կրկին կառաջադրվի այս ընտրատարածքից:
Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել էր 27 հազար 299 ձայն: Այստեղ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ստացել էր 4348 ձայն, սակայն այս անգամ նա որպես վարկանիշային թեկնածու չի առաջադրվելու: Սակայն այստեղով կրկին կառաջադրվի Վահե Էնֆիաջյանը, ով նախորդ անգամ ստացել էր 3484 ձայն:
Այսինքն` Երեւանի չորս ընտրատարածքներում միասին «Ծառուկյան» խմբակցությունը ստացել էր 104 հազար 176 ձայն: Սակայն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ն ստացել էր ընդամենը 25 հազար 218 ձայն: Ստացվում է` Երեւանում ԲՀԿ-ն կարող է խնդիրների առջեւ կանգնել:
Թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) դաշինքը ստացել էր 53 հազար 632 ձայն: Սակայն այս ձայների գերակշիռ մասը ստացել է Արգամ Աբրահամյանը` 34 հազար 483 ձայն: Սակայն վերջինիս մասնակցության հետ կապված դեռեւս վերջնական որոշում առկա չէ: Չի բացառվում, որ նա չլինի ցուցակում, եւ ցուցակում չլինեն նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մյուս փեսաները:
Արմավիրի մարզում` թիվ 6 ընտրատարածք, դաշինքը ստացել էր 31 հազար 201 ձայն: Այստեղ առանցքային թեկնածուն Արայիկ Աղաբաբյանն է եղել` 9535 ձայնով եւ այս անգամ եւս նա կլինի ԲՀԿ ցուցակում` կրկին որպես վարկանիշային թեկնածու:
Թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ) ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, թե ով կարող է առաջադրվել: Ամեն դեպքում, առանցքային թեկնածուներից Լյովա Խաչատրյանը եւ Խաչիկ Մանուկյանը, ովքեր նախորդ ընտրություններում ստացել էին համապատասխանաբար 5323 եւ 5675 ձայներ, այս անգամ չեն լինի: Այս ընտրատարածքից պատգամավոր էր դարձել Նորա Առուստամյանը` 4773 ձայն, սակայն նրա մասնակցությունը եւս մինչեւ վերջ հաստատված չէ: Նախորդ անգամ դաշինքը հենց այս ընտրատարածքում էր ամենաքիչ ձայները ստացել` 23 հազար 136 ձայն:
Իսկ ահա թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) դաշինքը ստացել էր 38 հազար 708 ձայն, որից 7024-ը ստացել էր Վարդան Բոստանջյանը, ով այս անգամ ցուցակում չի լինի: Իսկ 11 971 ձայն ստացած եւ պատգամավոր դարձած Հրանտ Մադաթյանը կրկին կլինի նախընտրական ցուցակում:
Թիվ 9 ընտրատարածքը եւս խնդրահարույց է: Նախորդ ընտրություններում Լոռու մարզում դաշինքը ստացել էր 25 հազար 540 ձայն: Այս ընտրատարածքում 8147 ձայնով առաջատարը Վանիկ Ասատրյանն է եւ նա եւս այս անգամ կլինի ընտրացուցակում:
Թիվ 10 ընտրատարածքը (Կոտայքի մարզ) եղել է դաշինքին ամենաշատ ձայներ բերած մարզը, եւ դա բնական է: Այստեղ դաշինքը ստացել էր 21 հազար 267 ձայն, սակայն Գագիկ Ծառուկյանը կրկին չի լինի վարկանիշային թեկնածու, եւ չի բացառվում, որ չլինի նաեւ Դավիթ Մանուկյանը, ով նախորդ ընտրություններում 20 հազար 864 ձայն էր ստացել:
42 հազար 776 ձայն «Ծառուկյան» դաշինքը ստացել էր Շիրակի մարզում` թիվ 11 ընտրատարածքում: Այստեղի առաջնային թեկնածուները կրկին լինելու են Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը: Նրանք նախորդ ընտրություններում ստացել էին համապատասխանաբար 14 հազար 312 եւ 12 հազար 452 ձայներ: Այս մարզում հիմնական պայքարն էլ կլինի նրանց եւ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջեւ:
Թիվ 12 ընտրատարածքն ընդգրկող Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում վարկանիշային ընտրակարգով կրկին կառաջադրվի Սերգեյ Բագրատյանը: Նա նախորդ ընտրություններում ստացել էր 4033 ձայն: Իսկ ահա Մերուժան Սիմոնյանը, ով նախորդ անգամ ստացել էր 8168 ձայն, այս անգամ ցուցակում չի լինի եւ, առհասարակ, դուրս է եկել կուսակցությունից: Կապանի օրինակով թերեւս ապացուցվեց, որ «Իմ քայլը» դաշինքն այստեղ խոցելի է, եւ այլ ուժեր կարող են օգտվել դրանից:
Թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ) դաշինքը ստացել էր ընդամենը 16 932 ձայն, որից 5014 ձայնը ստացել էր Վարուժան Բաբաջանյանը, ով այս անգամ եւս առաջադրվելու է:
Եթե հաշվի առնենք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, ապա ԲՀԿ-ն կարող է լուրջ խնդիրներ ունենալ Երեւանում: Սակայն որոշ մարզերում արդյունքները կարող են տարբերվել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԻՋԵՎԱՆԻ ՇՈՒԿԱՆ
2018թ. հուլիսի 23-ին քաղաքացիներ Գագիկ Հակոբջանյանի եւ Տիգրան Ավագյանի կողմից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացվել ընդդեմ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի վնաս պատճառելու գործողություններն արգելելու պահանջի մասին հայցով: Իսկ ո՞րն է խնդիրը:
Սույն քաղաքացիական հայցը վերաբերում է Իջեւանի քաղաքային շուկային: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հակոբջանյանը եւ Տիգրան Ավագյանը իրականում ներկայացնում են Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի եղբորը` Աշոտ Ղուլարյանին, եւ ծագումով Իջեւանից գործարար Ղեւոնդ Ղուլարյանին, որոնք, հանդիսանալով Իջեւանի քաղաքային շուկայի համասեփականատերեր, դատական կարգով փորձում են տիրանալ Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող շուկային: Իջեւանի քաղաքային շուկայի տնօրեն, շուկայի համասեփականատեր Գառնիկ Օհանյանը չի պատրաստվում հայցվորներին զիջել բավական աշխույժ առեւտուր ունեցող Տավուշի մարզկենտրոնի շուկան եւ վերոհիշյալ հայցադիմումին հակընդդեմ հայց է ներկայացրել:
Տեղեկացնենք, որ դատավոր Իսկանդարյանը բավարարել է որպես հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին որոշակի գործողություններ արգելելը: Հետաքրքիր է՝ ինչով կավարտվի «շուկայական հարաբերությունները»:

 

 

ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Տավուշի մարզի անտառներում եւ սարերում գտնվող հնամենի վանքերի եւ եկեղեցիների մեծ մասը քանդվում է: Հայ առաքելական եկեղեցին հոգեւոր այդ կառույցներին տեր չի կանգնում, քանզի դրանք գտնվում են բնակավայրերից հեռու եւ այնտեղ մոմավաճառությունից եւ այլ առեւտրի տեսակներից դրամական շահույթները քիչ են:
Տեղեկացնենք, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից 3 կմ հեռավորությամբ գտնվում է 13-րդ դարի կառույց Սրվեղի վանական համալիրը: Այն անտառապատ բացատի սարալանջին է: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Նշան եկեղեցիներից, վանական խուցերից, ձիթհանքից եւ այլ շինություններից:
Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ համայնքապետարանի միջոցներով նախկինում բարեկարգել, խճապատել են գյուղից վանական համալիր տանող ճանապարհը, իսկ կիսավեր վանական համալիրը փրկելու համար ֆինանսական մեծ միջոցներ, ներդրողներ են հարկավոր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱԽՍԵՐԸ ԿՓԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի կառավարությունը մտադիր է հատուցել դատավորի գործուղման ծախսերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը կհատուցվեն:

Ըստ այդմ, արտագնա նիստ անցկացնելիս իր պաշտոնավարման վայրից մինչեւ 30 կիլոմետր հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս դատավորին կտրամադրվի արտագնա նիստի վայր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսը: Իսկ պաշտոնավարման վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս նրան կվճարվի արտագնա նիստի վայր մեկնելու, վերադառնալու ճանապարհածախսը, օրապահիկը:
Եթե նույն օրը դատավորը հնարավորություն չունենա վերադառնալ, ապա կփոխհատուցվի նաեւ գիշերավարձը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափ կհամարվի մինչեւ 100 կիլոմետր հեռավորությունը, որի դեպքում կվճարվի 20 հազար դրամ: Իսկ 100 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչեւ 50 կիլոմետրի համար` 5000 դրամ: Նշենք նաեւ, որ դատավորին հատուցման ենթակա գիշերավարձի առավելագույն չափ կհամարվի Երեւանում` 25 հազար, իսկ մարզերում` 20 հազար դրամը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դատավորին օրապահիկի համար կվճարվի 3000 դրամ: Ի դեպ, դատավորի գործուղման ծախսերի հատուցման մասին որոշումը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Ս. Հ.




Լրահոս