ՀՅԴ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ՀԱՅՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի եւ կհրապարակի կուսակցության համամասնական եւ վարկանիշային ընտրացուցակները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ընտրացուցակը եւ հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադրվողների պարագայում այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվելու: Մասնավորապես, մի քանի անուններ արդեն հայտնի են: Այս անգամ վարկանիշային ընտրակարգով կարող է առաջադրվել նաեւ Արմեն Ռուստամյանը, ով կրկին կղեկավարի ՀՅԴ ընտրացուցակը: Վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են նաեւ նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 65 ձայն: Սակայն ՀՅԴ-ի ցուցակում կան թեկնածուներ, ովքեր նախորդ ընտրություններում քիչ ձայներ էին ստացել. օրինակ` պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով ստացել էր 509 ձայն: Հատկանշական է, որ ԱԺ այս ընտրություններում բոլոր կուսակցությունները կարծես թե մտադիր են վարկանիշային ընտրակարգով առաջադրել նաեւ իրենց քաղաքական դեմքերին, որոնք նախկինում ընդգրկված են եղել միայն համամասնական ընտրացուցակներում: Այս քայլին հետեւում է նաեւ ՀՅԴ-ն: Միայն թե հետաքրքիր է` արդյոք ՀՅԴ-ն, որ այլեւս իշխանության մաս չէ, չի վայելում ՀՀԿ հովանավորչությունը, նախկինի նման չունի ԱԺ-ում հայտնվելու դաբրոներ (ինչպես եւ դաբրոներ չունեն ընտրություններին մասնակից մյուս ուժերը), կկարողանա հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում:

 

 

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Ու թեեւ Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն նախագահը հրաժարվել է օգտվել նրանց ծառայություններից: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Հարցին, թե «վատ չզգացի՞ք, երբ արգելեց ուղեկցել իրեն», Բալասանյանը պատասխանեց. «Վատ զգալու որեւէ խնդիր չկար, նախագահը եկել էր հստակ ներդրումային ծրագրով»: Իսկ նվաստացած չէ՞ք զգում այդ վերաբերմունքից, ասաց՝ «Ոչ, նվաստացած զգալու խնդիր չկա»: Իսկ գոնե հետո էլ չե՞ք հյուրասիրել նախագահին, քաղաքապետը պատասխանեց. «Փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից»:

 

 

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին` ճակատագրի հեգնանքով իր ծննդյան օրը, ազատվեց պաշտոնից: Ու պաշտոնանկությունից հետո մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողություն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձեւով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հ. Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել: Սա թերեւս պայմանավորված է այն քրեական գործով, որը հարուցվել է «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի գործունեության մասով: Այս ընկերությունը փաստացի պատկանում է Հովիկ Աբովյանին: Այն ՏԿՏՆ լիցենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ է տրվել չարաշահումներ. 3500-10500-ական դրամները հափշտակել է: Բացի այդ, փաստաթղթեր կեղծելու եղանակով հափշտակել է գումար եւ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում` ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ:

 

 

Հայաստանի պետական պարտքն այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 724.3 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ այս թիվը նվազել է 50.3 մլն դոլարով. բանն այն է, որ հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս պատկերը, թերեւս, պատահական չէ. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը որդեգրել է պարտքի նվազեցման, միաժամանակ, նոր պարտք չավելացնելու քաղաքականություն: Նկատենք, որ այս քաղաքականությունը ՀՀ կառավարությունը սկսել է վարել մայիս ամսից սկսած, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա կառավարությունը «ժառանգություն» ստացավ պետական պարտքի բավական ահռելի բեռով. մայիսի 1-ի դրությամբ պարտքը 6 մլրդ 867.5 մլն դոլար էր: Այսինքն` Փաշինյանի կառավարության այս ամիսներին պետական պարտքը նվազել է ընդհանուր 143.2 մլն դոլարով:

 

 

 

ԽՄԲԱԳՐՈՒՄ Է ԻՐԵՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է սրբագրել իր նախկին խոսքերը: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձել է դեռ հոկտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին իր հայտարարությանը` ասելով. «Ես առանձնահատուկ հայտարարություն չեմ արել հայ-թուրքական հարաբերությունների մասով: Նախ այդ հայտարարությունը պետք է կատարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ կառավարությունը: Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հարց տվեցին, եթե այս պահին Ձեր դիմաց կանգնած լիներ Էրդողանը, ի՞նչ կասեիք, եւ որպես հայ ասացի, որ մենք խոսելու բան ունենք: Սա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու, ով այս պահին նախագահ է, իր վերաբերմունքն էր»:
Արմեն Սարգսյանի երեկվա մեկնաբանությունները պատահական չէին: Այս տարվա հոկտեմբերին, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, նա բավական հավակնոտ հայտարարություններ էր արել` ուղերձ հղելով հարեւան պետության նախագահ Էրդողանին: Սա այն դեպքում, երբ Սահմանադրությամբ երկրի արտաքին քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ոչ թե նախագահը, այլ կառավարությունը, ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, Արմեն Սարգսյանի հոկտեմբերյան հայտարարություններն այլ բան, քան սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններից դուրս գալ, կառավարության լիազորությունների դաշտ ներխուժել, դժվար է որակել: Եւ հիմա, փաստորեն, Արմեն Սարգսյանը փորձում է շտկել իրավիճակը` շեշտելով, որ իր խոսքերը քաղաքական հայտարարություն չէին: Միայն թե հետաքրքիր է` ինչպե՞ս կարելի է քաղաքական հայտարարություն չորակել նախագահի խոսքերը, պաշտոնյայի, որը սահմանադրությամբ համարվում է պետության գլուխը: Սա էլ մեկ ուրիշ գլխացավանք է:
Մեկ հետաքրքրական փաստ էլ. Արմեն Սարգսյանն անդրադարձել է Բաղրամյան 26-ը կրկին նախագահի աշխատակազմին վերադարձնելու հարցին: Շեշտելով, որ իր համար անձնապես կարեւոր չէ, թե որ շենքում կաշխատի, Արմեն Սարգսյանը հավելել է. «Կարեւոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար: Ցավոք, Մաշտոցի 47-ը, որը հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, Մատենադարանի հարեւանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման եւ մնացած այլ պայմաններով»: Արմեն Սարգսյանը միգուցե ճիշտ է այս հարցում, բայց հետաքրքիր է` արդյոք նա իրենց աշխատանքային պայմանների անհարմարավետության մասին կբարձրաձայնե՞ր Սերժ Սարգսյանի իշխանավարման դեպքում, թե՞ այնուամենայնիվ, կհամակերպվեր ստեղծված իրավիճակին` նույնը խորհուրդ տալով իր աշխատակազմին:




Լրահոս