Վենդետա Գորիսում. «դուբինկաներով» հարձակվել են քաղաքապետի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսում կրքերը չեն հանդարտվում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գորիսի ավագանու անդամներից Լյովա Արզանյանը մահակով ներխուժել է Խնձորեսկի համայնքապետարան՝ վենդետա իրականացնելու այնտեղ գտնվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ:
Գրել էինք, որ հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ էր տեղի ունեցել, որտեղ ընդգրկված է եղել 33 հարց: Նիստը կայացել էր, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում էր հայտարարել, եւ ավագանու անդամները գնացել էին քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն էր սկսվել Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ: Բանն այն էր, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ էր արել, որից հետո քաղաքապետ Առուշանյանը ավագանու անդամների առաջ ծեծի էր ենթարկել ավագանու անդամ Արզանյանին:

Քաղաքապետարանում իրարանցում էր սկսվել. ներկաները փորձել էին հանգստացնել քաղաքապետին, սակայն նա այն աստիճան էր զայրացած եղել, որ հատակին ընկած Արզանյանին շարունակել էր հարվածներ հասցնել: Այս դեպքից հետո Ոստիկանության Գորիսի բաժնում հետաքննություն էր սկսվել, սակայն այդ ընթացքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքել էր տեղեկությունները` նշելով , որ ավագանու նիստը անցել է հաշտ ու խաղաղ: Իր հերթին տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ավագանու անդամ Արզանյանը ասելով, թե մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Արդյունքում, ոստիկանությունում սկսված հետաքննություն հասավ իր «տրամաբանական ավարտին» եւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցվեց: Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո կրքերը պետք է հանդարտվեին, սակայն կռիվ կինոն դեռ նոր է սկսում: Գորիսեցի ավագանին որոշել է հարցերը լուծել «տղայական կերպով»:

Այսպիսով` Սյունիքի մարզում կա խոշորոցված Խնձորեսկ համայնք: Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհրդարանական ընտրություններում ընտրողների հետ հանդիպման նպատակով վարչական շրջան է այցելել քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Վերջինս մինչ համայնքապետարանում սպասել է, թե երբ պետք է ընտրողները հավաքվեն, եւ նա գնա նրանց հետ հանդիպման: Սակայն տեղի է ունեցել անսպասելին:

ArmLur.am-ի տեղեկություններով, ավագանու անդամ Լյովա Արզանյանը իր մտերիմներից ոմն Աշոտի հետ, ինչպես նաեւ այլ անձանց հետ մահակներով ներխուժել է Խնձորեսկի համայանքապետարանի շենք եւ փորձել հաշվեհարդար տեսնել քաղաքապետ Առուշանյանի հետ: Համայանքապետարանում սկսվել է իրարանցում: Իրավիճակը տեսնելով` միջամտել է համայնքի բնակիչներից Նվեր անունով անձնավորություն: Սակայն ըստ ներկաների` նրա գլխին հարվածել են եւ նա բավականին լուրջ վնասվածք է ստացել: Ըստ համայնքում տարածված լուրերի «դուբինկաներով» համայանքապետարան ներխուժած անձիք ամբողոջությամբ ջարդ ու փշուր են արել այնտեղ առկա ողջ գույքը:

Դատելով դեպքերի այսպիսի ընթացքից` սխալված չենք լինի նշել, որ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահների վրա: Բանն այն է, եթե ոստիկանության Գորիսի բաժնին ոստիկանապետ Կարեն Թադեւոսյանը համապատասխան ընթացք տար քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելուն, ապա, ապա չէինք ունենան այն ինչ ունենք: Ասել է, թե ավագանու անդամը հույսը չէր դրել օրենքի վրա, այլ սեփական ուժերով էր փորձել հաշվեհարդար տեսնել:

Քնար Մանուկյան




Լրահոս