ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնասված պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արդեն հայտնել էինք, որ 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված 1992 թվականին:
Նույն օրը՝ ժամը 00:10-ին, ևս մեկ ահազանգ էլ ստացվել էր «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ԲԿ-ից այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1995 թվականին ծնված երիտասարդ:
Պարզվել էր, որ վնասվածքներ ստացած երիտասարդները եղբայրներ են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ 2018թ.-ի նոյեմբերի 23-ին՝ ժամը 01:45-ին ՝ «քթի, գլխի երկու ծնկների վնասվածքներ» ախտորոշմամբ «Միքայելյանի անվան» բ/կ է տեղափոխվել Գերաքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1985 թվականին:
Նույն օրը՝ ժամը 02:35-ին «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ է տեղափոխվել 1980 թվականին ծնված մի տղամարդ, իսկ 02:40-ին՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ 1972 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ:
Ստացված տեղեկության համաձայն՝ վերը նշված անձինք հիշյալ վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, միջադեպին ներկա գտնված անձանց, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին, և կասկածվում է երկու եղբայրներին դանակահարելու մեջ:
Վերջինս առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և ցուցմունք տվել դեպքի շուրջ, մատնացույց արել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է:
26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: