Անկախ աուդիտորական ծառայությունների ձեռքբերումը կիրականացվի գնումների գործընթացով. Երևանի ավագանին հավանություն է տվել որոշման մի շարք նախագծերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոց կոչելու որոշման նախագծին։

Հարկ է նշել, որ այս տարվա դեկտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ համաշխարհային համաժողովը, որի առաջին նիստը նվիրված է լինելու «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժի մասին» կոնվենցիայի 70-ամյակին: Քննարկման ընթացքում Երևանի ավագանու անդամները նշել են, որ մայրաքաղաքում կոնվենցիայի նախաձեռնող Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց ունենալը յուրօրինակ մեծարում է և ազդակ՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ընդհանրապես ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման առումով:

Ավագանին արտահերթ նիստում հավանություն է տվել նաև Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու նախագծին: Աուդիտորական ծառայությունների ձեռքբերումն, ի դեպ, կիրականացվի գնումների գործընթացով՝ բաց մրցույթի կիրառմամբ:

Օրակարգի մեկ այլ կետով հաստատվել է քաղաքապետարանի ընդլայնված հաստիքացուցակը, ինչը նպատակ ունի մեծացնել Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատանքների արդյունավետությունը:

Արթահերթ նիստում հավանություն է տրվել նաև Երևանի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին: Երևանի բյուջեով ավագանու անդամների համար նախատեսված են ամսական գումարներ՝ նվազագույն աշխատավարձի չափով (55 000 դրամ):

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի 25-ին:




Լրահոս