«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Լայանայի հետ պարզելու, թե հետհեղափոխական Հայաստանում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երգարվեստի ներկայացուցիչների կյանքում:
-Հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ փոփոխություններ են եղել ձեր կյանքում, ապա ձեր ոլորտի` երգարվեստի բնագավառում: Որեւէ դրական կամ բացասական փոփոխություն նկատե՞լ եք հեղափոխությունից հետո:
-Ոչ, ո՛չ իմ կյանքում եւ ո՛չ էլ մեր կյանքում որեւէ փոփոխություն չկա: Դեռեւս կադրային փոփոխություններ են տեղի ունենում, եւ այլ փոփոխությունների մասին խոսելը, կարծում եմ, դեռ շատ շուտ է: Ամեն դեպքում, հուսով ենք, սպասում ենք…:
-Հայաստանում ինչպես շատանում են լրատվամիջոցերը, որոնք լրատվության հետ կապ չունեն, այդպես էլ շատանում են երգիչ-երգչուհիները, որոնք երգավեստի հետ կապ չունեն: Ըստ Ձեզ` ինպե՞ս կարելի է դաշտը մաքրել:
-Ժամանակն ամենալավ միջոցն է դաշտը զտելու ու մաքրելու համար: Այսինքն` ով շարունակում է երգել, ապա շարունակում է: Շատ երգիչներ սկսում են երգել, ու հետո չի ստացվում: Դաշտը ինքնըստինքյան մաքրվում է: Այն երգիչը, որը պետք է երգի, շարունակում է երգել, իսկ ով ուղղակի եկել է երգելու ու չի ստացվում, ինքը էլ չի երգում: Ու էդպես դաշտը զտվում է:
-Տարին գրեթե ավարտվում է: Գո՞հ եք անցնող տարուց, ի՞նչ կիսատ գործեր եք թողել:
-Ես ամեն տարի ինչ-որ բաներ չեմ պլանավորում, ինձ մոտ ամեն ինչ պլանավորվում է էտապ առ էտապ: Ես գոհ եմ անցնող տարուց: Գալիք տարում կաշխատեմ նույն ոճով: Նշեմ, որ կար ու ձեւ եմ սովորում եւ մտադիր եմ իմ սեփական բիզնեսը բացել: Սակայն դեռ սովորում եմ այդ ոլորտում, ուզում եմ լինել տեղեկացված: Ի դեպ, կան բեմական հագուստներ, որոնք ես ինքս եմ ինձ համար կարել:
-Կյանքում ապրած ձեր ամենամեծ հիասթափությունը ո՞րն է եղել:
-Երբ մարդու մեջ մարդն ես տեսնում եւ գնահատում, իսկ արդյունքում նա քեզ թիկունքից հարվածում է: Չեմ ուզում մարդկանց մեջ հիասթափվել, ուզում եմ, որ այդ մարդը, ում հանդեպ սրտացավ եմ ու պատրաստ ամեն վայրկյան ներել, իրենք երբեք իրենց մարդ հատկությունը չկորցնեն: Ես հիասթափվում եմ, երբ մարդիկ մեջքից հարված են հասցնում, ու այնպես եմ հիասթափվում, որ էլ երբեք չեմ ներում: Դա բնավորություն է, հիասթափվելուց հետո ներել չեմ կարողանում:
-Լայանա՛, անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը ո՞րն է եղել:
-Այս տարին ինձ համար անցել է հարթ: Վերջին շրջանում էս քաղաքական բուռն զարգացումներով էինք ապրում: Շատ բաներ էին կանգ առած այս տարի: Շատերը շատ բաներ չհասցրեցին անել: Կարծեք, ամեն բան գլխիվայր շուռ էր եկել: Գրեթե 6-7 ամիս է` ապրում ենք անորոշ վիճակի մեջ, չգիտենք` ինչպես է լինելու` լավ, թե վատ: Բոլորը շատ զուսպ են իրենց քայլերում: Այս տարի ինձ համար հատուկ ձեւով չի ընդգծվել: Խաղաղ վիճակ է: Իհարկե որպես մայր ցանկանում եմ միայն խաղաղություն լինի երկրում:
-Նախկինում երգարվեստի ներկայացուցիչները նեղսրտում էին, որ իրենց հեռուստաեթերների չեն հրավիրում, իրենց անտեսում են: Հիմա նույնպես կա՞ նման խնդիր:
-Նախ հիմա հեռուստատեսությունը, որպես այդպիսին, հետ է մղվել: Հիմա համացանցն է իշխում, որտեղ հատուկ հրավերների խնդիր չկա: Ես նման բաների վրա չեմ ֆիքսվում: Տարիների ընթացքում քեզ ճանաչում են, հղկվում են, հավատում են, որ դու իսկապես երգում ես, այլ ոչ թե քնից արթնացել ու որոշել ես երգել: Ժամանակը լավագույն հղկող միջոցն է: Բոլոր սկսնակների համար կա այդ խոչընդոտը մինչեւ հասկանալն ու ճանաչում ձեռք բերելը: Այս ոլորտը միշտ դժվար է, անդադար պետք է աշխատել, երբեմն գնահատվում ես, երբեմն` ոչ: Լինում է նաեւ, երբ քննադատվում ես: Շատ փոշոտ ու փշոտ ճանապարհ է: Ոչ մի արտիստի համար հեշտ չէ: Յուրաքանչյուրն էլ իր ժամանակի մեջ որեւէ բանի հետ բախվում է: Իմ բախտն այնքանով է բերել, որ ես 16-17 տարեկանից հայտնվել եմ «Գոհար» սիմֆոնիկի կազմում, ու իմ երաժշտական ուղին իրենց հետ է կերտվել: Ես եղել եմ աշխարհի լավագույն բեմերում: 200 հոգանոց սիմֆոնիկի սոլիստ եմ եղել, 17 տարեկանում սիրտս դողալով բեմ եմ բարձրացել: Այս առումով բախտս բերել է: Գուցե այդ պատճառով հեռուստաեթերներով ու տեսահոլովակներով չեմ ապրել: Ինձ համար դա մի ուրիշ աշխարհ է եղել, այդտեղ հղկել են մեզ, սովորեցրել են պար, երգ, բեմական խոսք: Պարզապես հիմա այլ երգեր եմ երգում:
-Ինչո՞ւ: Պահանջա՞րկն է այդպիսին:
-Պահանջարկն էլ այդպես չէ: Իմ կարծիքով` մարդիկ ճաշակ ունեն, այն, ինչ մատուցվում է, մարդիկ տարբերում են լավը վատից: Հիմա ավելի շատ ժամանցային երգեր ենք երգում, որ մարդիկ պարեն-ուրախանան, չեն կարող դասական երաժշտության տակ պարել, ուրախանալ:
-ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վերջերս հայտարարեց, որ հարկային դաշտում պետք է ներգրավեն նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար: Կմուծե՞ք հարկ:
-Ես կարծում եմ, որ մինչ այս դաշտ հասնելը այնքա~ն բաց թողնված ոլորտներ կան: Այս դաշտը պետք չէ վերահսկել: Երգիչ-երգչուհիների մեծամասնությունն այլ կերպ է աշխատում: Ես լսել եմ նախարարի խոսքը, երբ ասել է` «թողնում եմ իրենց խղճի վրա», դա կարծեք մի փոքր ծիծաղելի է: Ես կարծում եմ` նախարարը կվերանայի իր ասածները, չեն կարող ոչ մեկ ոչ մի ձեւով վերահսկել, որովհետեւ անիմաստ է դա: Գուցե ես մեկ ամիս հիվանդ եմ, կամ անվճար եմ երգում, ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ: Ոչ մի ձեւ հնարավոր չէ կոկորդը վերահսկել: Ըստ իս` դա չի լինի` բացառությամբ, եթե երգիչը ռեստորանում աշխատի, գրանցված աշխատող լինի կամ ՍՊԸ ունենա: Օրինակ, ես անցյալում գրանցած էի ռեստորանում, եւ կենսաթոշակային էինք վճարում:
Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԳՈԼԵՐԻ ՔԱՆԱԿԸ` 566
«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Բետիս»-ի դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (3:4), կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրել է 566-ի: 31-ամյա արգենտինացին երկրորդ տեղն է զբաղեցնում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների ցուցակում: Այդ ցուցանիշով Մեսին զիջում է միայն բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին, որը 643 գոլ է խփել բրազիլական «Սանթոս»-ում: Մեսին շրջանցել է գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին, որը Մյունխենի «Բավարիա»-ի կազմում դարձել է 565 գոլի հեղինակ:
3 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՃՈՒՐԴ
Ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի եւ նրա կնոջ անձնական իրերը Նյու Յորքում աճուրդի կհանվեն: Նշվում է, որ ամբողջ հավաքածուի մոտավոր արժեքը գնահատվում է ավելի քան 3 մլն դոլար: Աճուրդի կհանվեն նկարներ, Բարբարայի զարդերի ու աքսեսուարների հավաքածուն, ինչպես նաեւ Փալմ Սփրինգում, Լոս Անջելեսում եւ Մալիբույում Սինատրայի բնակարանների անձնական իրերը, այդ թվում՝ Սինատրայի դիմանկարը, երգչի կնոջ նշանադրության մատանին: Նշվում է, որ աճուրդի կհանվի ավելի քան 120 առարկա: Աճուրդը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 6-ին:
4-ՐԴ ՄԱՍ
Disney Pixar ընկերությունը հրապարակել է հանրահայտ «Խաղալիքների պատմություն» անիմացիոն ֆիլմի 4-րդ մասի նոր թրեյլերը: Թրեյլերի դիտումից հետո մուլտֆիլմի սյուժեի վերաբերյալ որեւէ բացահայտում անելը դժվար է: Սակայն երեւում է, որ գլխավոր հերոսներ շերիֆ Վուդին, ռոբոտ Բազլայթերն ու տիկնիկ Ջեսին կրկին միասին են: «Խաղալիքների պատմություն-4»-ն էկրան կբարձրանա 2019 թվականի հունվարի 21-ին՝ «Խաղալիքների պատմություն-3»-ի պրեմիերայից ինը տարի անց: Նշենք, որ «Խաղալիքների պատմություն-3»-ը համարվում է ամերիկյան կինովարձույթում բոլոր ժամանակների 5 ամենաեկամտաբեր անիմացիոն ֆիլմերից մեկը:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նշենք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Իսկ Լիլիթ Արզումանյանը նախկինում եղել է բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ: