Երեկ Հովքի դպրոցում դասադուլ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չէր կայացել: Պատճառն այն է, որ Հովքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը օրենքով սահմանված կարգով մրցույթի անցկացման մասին կրթության եւ գիտության նախարարություն նախապես գրավոր չի ծանուցել, որպեսզի այնտեղից ներկայացուցիչ ուղարկվեր: 3 օր անց` նոյեմբերի 22-ին, Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար նոր մրցույթ էր նշանակված:

Ի սկզբանե այդ պաշտոնի 3 թեկնածու կար` Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը, կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մարզային մասնաճյուղի մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Վերջինս, տեսնելով, որ դպրոցի տնօրենի ընտրությունն անցնելու է լարված պայմաններում, ինքնաբացարկ է հայտնել: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքում Ս. Սիմոնյանը եւ Ս. Ասիրյանը ստացել են հավասար` 4-ական քվե: Գործող օրենքի համաձայն` 2 թեկնածուների փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում 2 թեկնածուներից մեկին կառաջարկի որպես Հովքի դպրոցի տնօրեն եւ այդ մասին գրավոր կհայտնի Տավուշի մարզպետին:

Նոյեմբերի 27-ին Հովքի դպրոցում դասադուլ է եղել, ուսումնական պարապմունքներ չեն կայացել: Դպրոցի ուսմասվար, դպրոցի տնօրենի պաշտոնի թեկնածու Սեդա Ասիրյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանին ասել է, որ դասադուլի կազմակերպիչը դպրոցի կոլեկտիվն է, որն այդ կերպ արտահայտել է իր կարծիքը տնօրեն նշանակելու մասին: Այսինքն` Հովքի դպրոցի կոլեկտիվը ցանկանում է, որ դպրոցի տնօրեն նշանակվի Սեդա Ասիրյանը: Ընդ որում` դպրոցի կոլեկտիվը Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանի դեմ որեւէ բողոք կամ դժգոհություն չունի, վերջինս հակաօրինական ոչինչ չի արել:

Մ. Ղազումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղի է ունեցել անօրինականություն, կարծիք արտահայտելու համար հարկ չկար դասադուլ անել: Նա ասաց, որ դասադուլի կազմակերպիչները օրենքով սահմանված կարգով կպատժվեն: Դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանն ասել է, որ նոյեմբերի 27-ի չկայացած դասերի փոխարեն դասեր կարվեն առաջիկա շաբաթ օրը` դեկտեմբերի 1-ին: Սակայն Մանե Ղազումյանն ասաց, որ դրա համար հարկ է, որ Տավուշի մարզպետարանը համապատասխան թույլտվություն տա, այդ հարցը դեռ որոշված չէ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս