Երեկ լրացավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 ուժ` «Ազգային առաջընթաց» կուսակցություն, ԲՀԿ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՀՅԴ, ՀՀԿ, «Մենք» դաշինք, «Սասնա Ծռեր» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն եւ ՕԵԿ:
Հիմնականում բոլոր ուժերը ներկայացրել են 100-ից ավել անձից բաղկացած ընտրացուցակներ եւ գրեթե բոլոր ուժերի պարագայում էլ համամասնական ցուցակում ընդգրկվածները նաեւ առաջադրվում են վարկանիշային ընտրակարգով եւ, իհարկե, առանց անակնկալներ հնարավոր չէ:
Օրինակ` «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է 183 թեկնածուներից, որոնք բոլորն էլ, բացի ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, առաջադրվելու են նաեւ վարկանիշային ընտրակարգով: Այս ցուցակում անակնկալներ եւս կան, եւ մեծ թիվ են կազմում անկուսակցական թեկնածուները: Օրինակ` ցուցակի 36-րդ հորիզոնականում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն է: Նախկին ՀՀՇ-ական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը եւ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս ցուցակում են` 47 եւ 46 հորիզոնականներում: Թերեւս շատերի համար զարմանալի էր մարզիկների` ցուցակում գտնվելը, մասնավորապես ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը եւ ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը համամասնական ցուցակում են: Ընդգծենք, որ վերջինս նախկինում Հանրապետական կուսակցության անդամ էր:
ՀՀԿ-ն հրապարակել է 125 հոգուց բաղկացած ցուցակ: Սպասելի էր, որ ցուցակում չեն լինի գործարար-պատգամավորները, սակայն ուսումնասիրելով ցուցակը` նկատեցինք, որ չկան նաեւ քաղաքական թիմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները: Օրինակ` ցուցակում չկան ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Կարեն Ավագյանը, ով օրեր առաջ նաեւ հեռացվեց կուսակցության երիտթեւի ղեկավարի պաշտոնից: Վերջինիս փոխարեն ցուցակում է նրա եղբայրը` Արթուր Ավագյանը: ՀՀԿ-ական պատգամավորներից ցուցակում չկան նաեւ Սամվել Նիկոյանը, Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը եւ բոլոր լրագրողների սիրելի մաեստրոն՝ Գալուստ Սահակյանը, ում փոխարեն առաջադրվել է որդին՝ Արման Սահակյանը: Նկատենք, որ ցուցակում չկան նաեւ Շուշան Սարդարյանն ու Անդրանիկ Հարությունյանը, ովքեր համարվում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը: Իսկ ահա ցուցակում կան նախկին մարզպետներ` Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արագածոտնից Սարգիս Սահակյանը, Արմավիրից Աշոտ Ղահրամանյանը, Վայոց ձորից Հարություն Սարգսյանը, Գեղարքունիքից էլ Ռաֆիկ Գրիգորյանը: Ցուցակում այնքան էլ շատ փոփոխություններ չկան, եւ, թերեւս, անակնկալներից մեկը Դավիթ Շահնազարյանի` եռյակում լինելն է, ով հետեւում է թողել նաեւ քաղաքական թիմի ներկայացուցիչներին: Նշենք, որ ՀՀԿ ցուցակում են նաեւ ռեֆորմիստներից Վահան Բաբայանը եւ Անահիտ Մութաֆյանը: Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը կրկին ցուցակում են, իսկ ահա Խոսրով Հարությունյանը` ոչ:
Մյուս ուժերի պարագայում այնքան էլ անակնկալներ չկան: ԲՀԿ-ի առաջին տասնյակի դասավորվածությունն է հետաքրքիր, եւ Գագիկ Ծառուկյանին հաջորդում են ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: Ցուցակում կրկին Տիգրան Ուրիխանյանն է, որի կուսակցության հետ 2017թ. ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքն էր կազմել: Բացակայում է Արարատ Զուրաբյանը: Առաջին տասնյակում նաեւ ավագանու անդամ Արման Աբովյանն է: ՀՅԴ-ի պարագայում էլ ցուցակում չկա Դավիթ Լոքյանը, նաեւ Անդրանիկ Կարապետյանը, ով վերջին շրջանում ՀՅԴ-ից տարբերվող դիրքորոշում էր հայտնում: ՀՅԴ-ի առաջին եռյակն է` Արմեն Ռուստամյան, Արսեն Համբարձումյան, Արթուր Խաչատրյան:
«Սասնա ծռեր» կուսակցության կազմում ընդգրկված են նաեւ անկուսակցականներ եւ այլ ուժերից ներկայացուցիչներ: Մասնավորապես, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ցուցակում է նաեւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների փաստաբան Արայիկ Պապիկյանը եւ «Գալա» հեռուստաընկերության լրագրող, Գյումրիում գործող «Գալա» կուսակցության անդամ Հերմինե Մկրտչյանը, ով նաեւ կուսակցության մամուլի խոսնակն է: Սակայն ցուցակի վերին հորիզոնականում խմբավորման անդամներն են:
ՕԵԿ-ի դեպքում ամեն ինչ նույնն է, կուսակցության ցուցակը գլխավորում է իրենց անփոխարնելի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, հետո Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանն են:
«Մենք» դաշինքն առաջնորդելու է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հետո «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն է, հետո նրա տեղակալ Անժելա Խաչատրյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում Էդմոն Մարուքյանն է, Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը եւ այսպես շարունակ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀԿ-Ի ՀԵՏ ԱՇԽԱՏԱԾԸ
«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 16-րդ հորիզոնականում Արգիշտի Մեխակյանն է, ով Էջմիածնի համայնքի ղեկավարի տեղակալն է: Սակայն նրա կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս հետաքրքիր տվյալների ենք հանդիպում: Մասնավորապես, նա, չնայած անկուսակցական է, սակայն ՀՀԿ իշխանության տարիներին` դեռ 2007թ. սկսած, մշտապես աշխատել է պետական համակարգում: Օրինակ, 2007թ. փետրվար-հունիս ամիսներին աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի վերահսկողության բաժնում: 2008-2010թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ: 2010-2014թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում` որպես կոմիտեի նախագահի օգնական: Իսկ 2014-2016թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնականի պաշտոնում:
ՄԻԼԻՈՆՆԵՐ` ՔԿՀ-ՆԵՐԻՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը ի վերջո որոշել է զբաղվել քրեակատարողական հիմնարկների խնդիրների լուծմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ: Միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի էլեկտրալուսավորության ցանցերի կապիտալ վերանորոգման համար կհատկացվի 58 մլն 451 հազար դրամ, արտաքին եւ ներքին ջրամատակարարման ցանցի եւ ներքին ջրահեռացման համակարգի վերանորոգման համար` 34 մլն 82 հազար դրամ: Արդարադատության նախարարությունը գումար նախատեսել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ճաշարանը վերանորոգելու համար` ավելի քան 17.6 մլն դրամ: Իսկ սանհանգույցների եւ բաղնիքների կապիտալ վերանորոգման համար կծախսվի 65 մլն 265 հազար դրամ: Նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին պարիսպ կկառուցվի` 143 մետր երկարությամբ, որի համար կծախսվի ավելի քան 36.8 մլն դրամ: Նույն ՔԿՀ-ում կոյուղու ցանցի կառուցման համար կտրամադրվի 26.2 մլն դրամ, իսկ ահա «Սեւան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցի կառուցման համար` 32,3 մլն դրամ: Հուսանք` այս գումարներն իսկապես կծառայեն իրենց նպատակին: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղու վատ վիճակը Երեւանի նախկին ավագանու նիստում մեծ միջադեպի պատճառ դարձավ: Հիշում եք, երբ այս տարվա փետրվարին «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամները, կոյուղաջրով լի տարան ձեռքներին, փորձել էին ավագանու նիստում մոտենալ նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանին, ՀՀԿ-ականները հարձակվել էին նրանց վրա, ծեծկռտուք էր եղել: Այդ միջադեպի առթիվ կա հարուցված քրեական գործ, որի նախաքննությունը դեռ ընթանում է:
ՍՊԱՌՆԱԼԻՔ
Եթե Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք առաջանա, ապա Ռուսաստանը գործի կդնի Հայաստանի հետ միացյալ զորախումբը, այս մասին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը: Վերջինս հավելել է, որ նման սպառնալիք կարող է առաջանալ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: «Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման փորձը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա` ռազմական գործողությունների սկսման դեպքում Ռուսաստանը կուժեղացնի զորախումբը Հարավային ռազմական շրջանի զորքի հաշվին: «Միեւնույն ժամանակ, կկազմակերպվի Հայաստանի տարածքի պաշտպանությունը, օդային տարածքի փակումը եւ անհրաժեշտության դեպքում` սահմանների պաշտպանության ուժային ապահովումը»,-ասել է Վ. Եվսեեւը:
ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի կառավարությունները համաձայնել են աջակցություն տրամադրել ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: ԵՄ-ն կտրամադրի 1.5 մլն եվրո, Միացյալ Թագավորությունը` 700 հազար եվրո, իսկ Շվեդիան` 500 հազար ֆունտստերլինգ եւ 1.5 միլիոն շվեդական: Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Մեծ Բրիտանիայի դեսպանը, Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ստորագրել են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցության» ծրագրի փաստաթուղթը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին վստահելի ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
ՈՒՌՃԱՑՎԱԾ Է
Ըստ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի` ունենք պետական կառավարման ուռճացված համակարգ: «Նախ կա այս զուգահեռ համակարգ կոչվածը հիմնադրամների, ՊՈԱԿ-ների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր են եւ ավելի մեծ ռեսուրսներ կան, որոնք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է նախարարությունները անի, այսինքն` պետք է այս ամենը վերանայել, բոլորի գոյությունը հատ-հատ վերաիմաստավորել, եթե իհարկե անհրաժեշտ է, որ որեւէ այսպիսի կառույց լինի, ապա կմնա, իսկ եթե անհրաժեշտ չէ` ոչ»,-նշել է նա: Նախարարությունների թվի կրճատման մասին նա հավելել է, որ մի քանի տարբերակներ կան նախարարությունների թվի առնչությամբ, որոնք 90 տոկոսով համընկնում են. «Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին»: Խոսքը արդյունավետության բարձրացման մասին է, ոչ թե կրճատման մասին. «Մեխանիկական կրճատման մասին խոսք չի կարող լինել»,-շեշտել է նա:
ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Երեկ ԱԺ քառօրյա նիստը մեկնարկել է ուշացումով, քանի որ դահլիճում քվորում չի եղել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է խմբակցությունների ղեկավարներին` պնդելով, որ եթե չորս ժամվա ընթացքում քվորում չապահովվի, ապա 2019 թվականի բյուջեի նախագիծը քվեարկելու համար իրենք ստիպված կլինեն արտահերթ նիստ գումարել նոյեմբերի 21-ին: Ավելի ուշ նիստը մեկնարկել է ամբողջ կազմով: Հիշեցնենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն: