ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ՝ ԿՐԿԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախկին նախագահը, սակայն, ոչ թե կալանավորվելու է անմիջապես, այլ նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանում հենց այս տարբերակն են քննարկում, որ Քոչարյանի խափանման միջոցի խնդիրը կրկին հասցեագրեն վերաքննիչ քրեական դատարանին: Բանն այն է, որ օգոստոսի 13-ի որոշման մեջ վերաքննիչը հիմք էր ընդունել Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ, նրան կալանքի տակ պահելու համար նախաքննական մարմինն այլ հիմքեր էլ է բերել, որ նախկին նախագահը կխոչընդոտի նախաքննությանը, կթաքնվի քննությունից:
ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, թերեւս, պատահական չէ, եւ քաղաքական ենթատեքստեր ունի: Իշխանություններն այսպես ժամանակ են ձգում մի կողմից ներքաղաքական իրավիճակը շատ չլարելու առումով, բայց եւ մարտի 1-ի պահանջատերերին ցույց են տալիս, որ այս ուղղությամբ քայլեր են անում: Միաժամանակ, այսպես հնարավորություն է տրվում նախաքննական մարմնին անառարկելի հիմքեր դնել նրան կալանավորելու որոշման հիմքում: Մանավանդ, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն վերջերս լրացրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

 

 

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին միայն համամասնական ընտրացուցակով մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների թիվը, նախորդի համեմատ, բավական շատ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. ԱԺ ընտրություններում թեկնածուների թիվը 1407 էր: Այս ընտրություններին թեկնածուների թվի ավելացումը միանգամայն հասկանալի է. մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, մինչդեռ նախորդ տարի ընտրություններին մասնակցում էր 8 ուժ: Նշենք, որ համամասնական թեկնածուների թվով առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 183 հոգի, ՀՀԿ-ն ներկայացրել է 125 հոգանոց ցուցակ, ԲՀԿ-ն՝ 175 թեկնածու, «Սասնա ծռերը»՝ 175 թեկնածու: ՀՅԴ թեկնածուների թիվը 152 է, «Լուսավոր Հայաստան»-ինը` 155: «Մենք» դաշինքի թեկնածուները 144 հոգի են, ՕԵԿ-ինը՝ 137, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը՝ 81, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուները եւս 81-ն են, Հայաստանի Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությանը` 87 հոգի: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա ԿԸՀ-ն դեռ չի հրապարակում նրանց թիվը:

 

 

 

Նոյեմբերի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ անդամ է ընտրվել դատավոր Նախշուն Տավարացյանը: Այդ ընտրությունները բավական թեժ են ընթացել, հաջորդել են «հետընտրական կրքեր», որոնց արդյունքում էլ Տավարացյանը հրաժարական է ներկայացրել: Բանն այն է, որ Տավարացյանը հավաքել է 22 ձայն, մինչդեռ մեկ այլ դատավոր՝ Սուրեն Անտոնյանը, ստացել է 72 քվե: Բայց քանի որ օրենքով ԲԴԽ կազմում պետք է պահպանվի նաեւ գենդերային հավասարություն, ընտրված է համարվել քիչ ձայն ստացած կին դատավորը: Այս հանգամանքը դուր չի եկել Անտոնյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նախշուն Տավարացյանը հայտարարել է. «Դատավորները ականատես եղան, երբ հաշվիչ հանձնաժողովը հայտարարեց, որ օրենքով տրված իմ իրավունքից ես օգտվել էի: Բայց սկսվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, համակարգում ստեղծվեց անառողջ մթնոլորտ, սկսեցին տեղիք տալ տարբեր քննարկումների, ընդհուպ մինչեւ օրենքի մեկնաբանության հասան: Ես, տեսնելով, որ անհամերաշխություն է, անառողջ մթնոլորտ է ստեղծվում, իսկ դա իմ ընտանիքն է, ես չէի կարող մարդկանց կամքին հակառակվել, հրաժարվեցի»,- ասել է նա:

 

 

 

Վերջին տարիներին տարբեր բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի աճ է նկատվում, սակայն ոչ բոլորն են ավելացրել իրենց հարկային վճարումները: ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ բուժհիմնարկներ, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակում համարվել են խոշոր հարկատու, բայց այս տարի տեղ չեն գտել այդ ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիվանդանոցներից ամենախոշոր հարկատուն «Էրեբունի» բժշկական կենտրոնն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 188 մլն դրամ: Մյուս խոշոր հարկատու համարվող բժշկական կենտրոնը «Նաիրի» ԲԿ-ն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 524 մլն 72 հազար դրամ հարկ ու տուրք: Երրորդ տեղում «Արմենիա» հանրապետական ԲԿ-ն է, որ հունվար-սեպտեմբերին կատարել է 326 մլն 88 հազար դրամի հարկային վճարումներ: Իսկ ահա «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղ չի գտել խոշոր հարկատուների ցանկում, նույնկերպ նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:

 

 

 

ՍԹԱՓՎԵԼՈՒ ԿՈՉ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ դրանց անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Այս համատեքստում Փաշինյանն ասել է, թե պետք է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը: Միաժամանակ նա ընդգծել է, որ մեկ քվեաթերթիկ անգամ չպետք է հայտնվի սխալ տրցակում. «Ընդ որում՝ ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլեւ ներկուսակցական ֆորմատով։ Ինչ նկատի ունեմ՝ քանի որ նաեւ ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջեւ, եւ պետք է բացառել որեւէ նման երեւույթ, եւ իհարկե, մենք շատ հստակ եւ խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման այսպիսի փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը իր ողջ ուժով»։
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը շատ կարեւոր է: Մի կողմից, որպես պետության ղեկավար, նա իր վրա է վերցնում ընտրությունները հավուր պատշաճի անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը: Միաժամանակ նա հստակ ուղերձ է հղում ընտրություններին մասնակից ուժերին եւ առաջին հերթին հենց իր թիմակիցներին: Հիշում եք 2017թ. ԱԺ ընտրությունները, երբ թեժ պայքար էր նույն կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջեւ: Արդյունքում որոշ մարզերում բախումներ, ծեծկռտուքներ եղան հենց իշխող կուսակցության թեկնածուների կողմնակիցների միջեւ, երբ չէին կարողացել իրար մեջ «կիսել» ընտրատարածքները: Այնպես որ, նույնը կարող է լինել նաեւ այս դեպքում, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ռեյտինգային թեկնածուները, ԱԺ-ում հայտնվելուց բացի, եւս մեկ գերխնդիր ունեն՝ մտնել ղեկավարության աչքը եւ ցույց տալ, որ հենց իրենք են կուսակցության համար ձայն բերողները: Մանավանդ հիմա, երբ երկրի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզպետներ, առաջադրվել են որպես թեկնածու ռեյտինգային ընտրակարգով ու մրցելու են իրար հետ: Ի դեպ, արդեն որոշ ընտրատարածքներից՝ հատկապես մարզերից, լուրեր են ստացվում, որ ռեյտինգային թեկնածուները միմյանց դեմ սկսել են ընտրապայքարը, անազնիվ մեթոդների կիրառումը, միայն թե հնարավորինս շատ ձայն ստանան: Ու հիմա՝ վարչապետի հայտարարությունից հետո, ոմանք իսկապես սթափվելու կարիք ունեն: Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ նոր իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հին գործելաոճով աշխատել:




Լրահոս