ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանի «նոր լուծումը» երկար սպասեցնել չի տա. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները, 50-60 ներկրող փակել էին Բագրատաշենի հսկիչ անցակետ տանող Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի հատվածը: Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների բավականին մեծ կուտակումներ են: Հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան: Երեկ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին վերջապես հաջողվեց հանդիպել նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզ այցելած ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք Փաշինյանից պահանջեցին վերացնել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներմուծելու արգելքը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զորիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ անցակետում մեծ խցանումներ են, իսկ գիշերը երկու ավտոմեքենա է կոտրվել: «Բեռնատար մեքենան եկել-խփել էր մի մեքենայի, քաշել-տարել էր ու երկրորդին խփել: Այս պահին մոտ 400 աջ ղեկով մեքենա կա անցակետում կայանված: Քանի որ նախատոնական շրջան է, այս պատճառով բեռնատարների թիվն օր օրի ավելանում է»,- նկատեց Իգիթյանը:

Ապա փոխանցեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են իրավիճակը ու նշել, որ այդ խմբաքանակը, որը ներկրել են, չեն իմացել արգելքի մասին: «Ընդամենը գիտեինք, որ ժամանակավորապես է արգելվել: Փաշինյանին անգամ ցույց ենք տվել պետական կառույցի շենքի պատի վրա փակցված գրությունը, որտեղ նշված է, որ արգելքը ժամանակավորապես է (տե՛ս լուսանկարում):

Մենք լուսանկարած ունեինք, նրան ցույց տվեցինք, նա կարդաց, ու մեզ հարցրեց, թե անցակետում կայանված եւ ճանապարհին քանի աջ ղեկով մեքենա կա, որ գալիս է: Մենք պատասխանեցինք, որ մոտ 1000 աջ ղեկով մեքենայի մասին է խոսքը: Ինքն էլ հարցրեց, թե ինչ երաշխիք կարող եք տալ, որ այդ 1000 աջ ղեկով մեքենան, եթե այսօր թույլ տանք` մուտք գործեն ՀՀ, վաղը չի վերածվի եւս 1000-ի կամ 2000-ի: Մենք էլ ասացինք, որ աջ ղեկով մեքենայի հիմնական ներկրողները մենք ենք եւ չենք բերի: Բայց այն, որ եկել է, դրանց հարցը պետք է շտապ լուծվի: Ինքն էլ խոստացավ, որ մեկ անգամ կուսումնասիրի հարցը եւ կտա նոր լուծում»,- իրավիճակը ներկայացրեց նախաձեռնության անդամ Զորիկ Իգիթյանը:

Թե երբ կառավարությունը կպատասխանի մեքենա ներկրողներին, դեռ հայտնի չէ: Բայց նախաձեռնության անդամները հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանի «նոր լուծումը» երկար սպասեցնել չի տա: Ի դեպ, նախաձեռնության անդամները որոշել են բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցնել: Նրանք սպասում են վարչապետի ԺՊ-ի որոշմանը, եթե այն գոհացնի իրենց, ապա կդադարեցնեն բողոքի ակցիան, հակառակ դեպքում կշարունակեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս