ՀԱՐՑ. Տուգանվել եմ 40.000 դրամով` վարչական խախտում կատարելով (տեսախցիկների նկարահանող սարք): Հիմա մեքենաս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն կալանքի տակ է վերցրել: Ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ ՃՈ-ում որեւէ դիմում կամ համաձայնագիր գրել, որպեսզի կարողանամ մաս-մաս վճարել մեքենայիս կալանքի գումարը:
Սամվել Գրիգորյան (55 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Այսինքն` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո Ճանապարհային ոստիկանությունն ուղարկում է հարկադիր կատարման ծառայություն, որից հետո վարչական ակտով սահմանված տուգանքի գանձման հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կատարվում հարկադիր կատարման ծառայության կողմից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, խորհուրդ ենք տալիս վարորդներին գործը չհասցնել ԴԱՀԿ. կարելի է մինչ այդ դիմում գրել եւ մաս-մաս վճարել նման անելանելի իրավիճակներում չհայտնվելու համար:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: